Զոհեր, ագրեսիա. Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են հանդիպել ՌԴ-ում

Զոհեր, ագրեսիա. Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են հանդիպել ՌԴ-ում

MediaHub-ի տեղեկություններով՝ մինչև սեպտեմբերի վերջ ՌԴ-ում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:

Նշվում է, որ մինչ այդ Մոսկվայում կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները նախապատրաստելու նպատակով:

Մեզ փոխանցեցին, որ առաջիկա Կառավարության նիստերից մեկին Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ Ալիևի հետ հանդիպման է մեկնում:

MediaHub-ը դիմեց ԱԳՆ խոսնակին՝ ճշտելու, թե արդյոք այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամկետներ հայտնի են.

«Եթե լինի հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն, այդ մասին կտեղեկացնենք»,- ասաց Անի Բադալյանը:

Ի դեպ, նախօրեին Երևան էր ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Վերջինս հանդիպումներ է անցկացրել ԱԽ քարտուղարի և ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանի հետ: 

Սովորաբար Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումներին նախորդում է Խովաևի այցը Երևան, ապա Ադրբեջան, կամ հակառակը: Ըստ մեր տեղեկությունների՝ այս անգամը բացառություն չէ: Այդպես էր, օրինակ, մայիսին՝ Խովաևը ժամանեց մայիսի 10-ին և հանդիպումներ ունեցավ երկրի ղեկավարության հետ, իսկ արդեն մայիսի 25-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Մոսկվայում:

Բացի այս, Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ թշնամի երկիրը նախահարձակ է դառնում. այսօր առավոտվանից Սոթքն ու Նորաբակը ինտենսիվ կրակի տակ են, այս պահի դրությամբ ՊՆ-ն հայտնել է չորս զոհի և մեկ վիրավորի մասին: