Մսավաճառի պես լավ մսի տակից ոսկոր եք դնում ու վաճառում․ Մինասյանն՝ իշխանությանը
Այս նախագիծը նման է լուսահոգի Վահան Հովհաննիսյանի ասած մսավաճառին, որ լավ մսի հետ տակից ոսկոր է վաճառում։ Այդ մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին նախագծին, որը հանրությանը մատուցվեց որպես վարորդների տուգանքները զեղչելու նախագիծ։
Նրա խոսքով՝ դրական դրույթների հետ միասին այդ ոսկորները այնպես են դրված, որ ուղղակիորեն հնարավորություն չեն տալիս լուսաշող ձևով ներկայացնել նախագիծը։
«Երկու հոդված, որ անմիջականորեն վերաբերում են քաղաքացիների ազատ հավաքների, խոսքի ազատության նրանց կարծիքն արտահայտելու միջոցառումների հետ, ուղղակիորեն տարվում են դեպի ոստիկանապետական համակարգ։ Դրա հետ կապված իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ հանդես են եկել։ Այդ մասին չի խոսվում, միայն տուգանքները զեղչելու մասին է խոսվում»,- նշեց Մինասյանը։
Ըստ Մինասյանի՝ հավաքների մասնակցող անձանց հենց տեղում կարող են վարչական պատասխանատվության ենթարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։