Խարդախները Մալթայում Ռուսաստանի նախկին դեսպան Վլադիմիր Մալիգինից հափշտալել են գրեթե 30 միլիոն ռուբլի (ավելի քան 300 հազար դոլար)։ Այս մասին գրել է Baza տելեգրամյան ալիքը։
Ռուս դիվանագետը մարտի 13-ին զանգ է ստացել «բանկային վերահսկողության ընթացիկ ծառայության մենեջերից»։ Նա խնդրել է Մալիգինին մանրամասն պատմել իր բանկային հաշիվների մասին ու տեղադրել հատուկ հավելված։ Հաջորդ օրը խաբեբան կրկին զանգահարել է նախկին դեսպանին ու խնդրել բանկային հաշվից գումար հանել ու փոխանցել «ապահով հաշվին»։ Մալիգինը կատարել է խնդրանքն ու կորցրել առաջին երկու միլիոն ռուբլին: Մեկ այլ օր անց նա գումար է հանել մեկ այլ բանկի մեկ այլ հաշվից:
Ավելի ուշ խաբեբաները դիվանագետին խնդրել են իր SIM քարտը տեղադրել կնոջ հեռախոսի մեջ։ Այս գործողության արդյունքում գումար է դուրս գրվել նաև Մալիգինի կնոջ հաշվից, ինչը դիվանագետի ընտանիքին արժեցել է ևս չորս միլիոն ռուբլի: Քիչ անց խաբեբաները խնդրել են Մալիգինին կանխիկ գումար տալ՝ գումարը պետք է դրվեր տոպրակի մեջ ու հանձնվեր հատուկ աշխատակցի։ Դիվանագետն այսպիսով հանձնել է 165 հազար դոլար և 25 հազար եվրո՝ ընդհանուր առմամբ ավելի քան 17 միլիոն ռուբլի։
Դիվանագետի հաշիվներից վերջին դեբետները կատարվել են մարտի 19-ին. հաշվից անհետացել է չորս միլիոն ռուբլի: Սրանից հետո 73-ամյա Մալիգինը դիմել է ոստիկանություն։