Ուզել են փռշտոց առաջացնել, բալոնը պայթել է․ Հրազդանի թիվ 11 դպրոցի տնօրեն

Ուզել են փռշտոց առաջացնել, բալոնը պայթել է․ Հրազդանի թիվ 11 դպրոցի տնօրեն

Երեխաները լավ են, բոլորը դասի են հաճախել, ամեն ինչ նորմալ է։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի Վ․ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Քնքուշ Լևոնյանը՝ ներկայացնելով այն աշակերտների առողջական վիճակը, որոնք դպրոցից հիվանդանոց էին տեղափոխվել ինքնազգացողության վատանալու պատճառով։

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ աշակերտներից մեկը անհայտ ծագման գազ էր օգտագործել, սակայն MediaHub-ի աղբյուրները փոխանցեցին, որ աշակերտներից մեկը «перцовый баллончик» է իր հետ դպրոց տարել, քանի որ պարբերաբար երեխաներից մեկը իրեն նեղացրել է և որոշել է այսպիսով «վրեժխնդիր» լինել․ բալոնը պայթել է փչելու պահին։

Տնօրենը փոխանցեց, որ նման բան չկա։

«Փոքրիկ սփրեյ է եղել, որն ընդամենը գրգռվածություն է առաջացրել քթի խոռոչում։ Ինչպես բոլոր դպրոցահասակ երեխաները այնպես էլ իրենք անկարգություն են արել, ուզել են փռշտոց առաջացնել։ Դպրոցում որևէ կոնֆլիկտային խնդիր չի եղել, սա պարզապես չարաճճիություն է»։

Լևոնյանի խոսքով՝ նույն դասարանում է փչվել սփրեյը, այդ պատճառով էլ մի քանինսն են տուժել։

«Մենք առաջին օգնություն ենք ցուցաբերել, որպեսզի երեխաների վիճակն ավելի չվատանա»։

Դիտարկմանը, թե մեզ հասած տեղեկություններով՝ առաջին հարկի պատուհանների բռնակները հանված են եղել, այդ պատճառով էլ սենյակը արագ օդափոխել չի հաջողվել, վերջինս արձագանքեց՝ նման բան չկա, դպրոցի պատուհանները տեղում բացվել են, բռնակներն իրենց տեղում են։

Հիշեցնենք, որ MediaHub-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 27-ին ժամը 11-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ թիվ 11 հիմնական դպրոցում մի քանի աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, 12 աշակերտներ՝ 9-14 տարեկան տեղափոխվել են հիվանդանոց։

Լիաննա Թորոսյան