Պետք է իմանալ, թե ինչ կետերի շուրջ է վեճը, դրանք պետք է փակվեն․ քաղաքագետը՝ Փաշինյանի չստորագրած փաստաթղթի մասին

Պետք է իմանալ, թե ինչ կետերի շուրջ է վեճը, դրանք պետք է փակվեն․ քաղաքագետը՝ Փաշինյանի չստորագրած փաստաթղթի մասին

Մեզ համար այսօր կարևոր է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և Արցախի հիմնահարցը․ ՀԱՊԿ-ի շրջանակներում այս խնդիրները չեն լուծվում, բայց ՀԱՊԿ-ը որոշակի ազդեցություն ունի։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով երեկ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին։

Դանիելյանի խոսքով՝ միջազգային շատ խնդիրներ կան։

«Իրան-Ադրբեջան հարաբերություններն են սրվում, Իրանի շուրջ միջազգային կոալիցիա է ձևավորվում․ Իսրայել, Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, Թուրքիա։ Ռուսաստան-Իրան հարաբերություններն են սերտանում։ Եթե այս կոնտեքստում հասկանում ենք, թե ինչ է կատարվում, ապա ՀԱՊԿ-ը կարող է ազդել իրավիճակի վրա, բայց այդ շրջանակներում մեզ համար հարց չի լուծվում։ Մենք տեսնում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններն են սրվում և Ադրբեջանը, ակնհայտորեն, իրեն ավելի համարձակ է պահում»,-ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ անլուրջ է խոսել, թե այս իրավիճակում ՀԱՊԿ-ում ինչ խնդիրներ կլուծվեն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ ՀԱԽ-ի հռչակագիրը։

Քաղաքագետը նշեց՝ նախ պետք է իմանանք, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ «Պետք է իմանանք, թե այդ փաստաթղթի որ կետերի մասին է խոսքը։ Որքան տեղյակ եմ՝ այդ փաստաթուղթը հրապարակված չէ և, հետևաբար, գնահատական տալ չենք կարող։ Պետք է իմանալ, թե ինչ կետերի շուրջ է վեճը և այդ կետերը պետք է փակվեն»,-ասաց Դանիելյանը։

 

Լիաննա Թորոսյան