Ալեն Սիմոնյանն այրո՞ւմ է կամուրջները

Ալեն Սիմոնյանն այրո՞ւմ է կամուրջները

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, ճգնաժամի մեջ են: ՀՀ իշխանություններն ընդգծված հակառուսական դեմարշ են անում և հերթականին երեկ ականատես եղանք. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հայտարարեց, թե չի պատրաստվում պատասխանել ինչ-որ քարտուղարուհու:

Հիշեցնենք, երկու օր առաջ Մարիա Զախարովան Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որակել էր «բռիություն» (хамство): Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը երեկ դրան հետևյալ կերպ արձագանքեց.

«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ, իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի»: 

ԱԺ նախագահի կտրուկ հայտարարությունները նորություն չեն, բայց արդյոք այս հայտարարությունն անելով Ալեն Սիմոնյանն չի այրում  կամուրջները:

Տարին երկու անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջխորհրդարանական տարբեր հարթակներում պարտադիր ձևաչափով հանդիպումներ է ունենում  ռուս գործընկերների հետ՝ դա կլինի Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ կամ ՀԱՊԿ երկրներից որևէ մեկի տարածքում: 

MediaHub-ի տեղեկություններով, այս տարի՝ արդեն մյուս ամիս ՌԴ-ում նախատեսվում է նման ձևաչափի հերթական հանդիպումը: Կգնա՞ դրան Սիմոնյանը:

MediaHub-ի հարցմանն ի պատասխան ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց՝ պարզ չի՝ Ալեն Սիմոնյանը կմեկնի հանդիպման, թե ոչ.

«Այս պահին հանդիպմանը մասնակցել-չմասնակցելու մասով որևէ հստակություն չկա»,- նշեց Խաչատրյանը: