Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը Արևմուտքի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին․ Զոհրաբյան 

Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը Արևմուտքի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին․ Զոհրաբյան 

Հայ-ռուսական հարաբերությունները Նիկոլ Փաշինյանը հասցրել է վատթարագույնի պիկին։ Երբևէ,որևէ իշխանության ժամանակ, պատմության ինչ-որ փուլում հայ-ռուսական հարաբերությունները այսքան ագրեսիվ-թշնամական չեն եղել որքան հիմա և այս ամենը արվում է հատուկ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

«Բոլոր քայլերն արվում են երկրում քաոս ստեղծելու, երկրում անկառավարելի վիճակ ստեղծելու համար, որպեսզի նիկոլական իշխանությունը այդ քաոսի մեջ խուսափի հնարավոր պատասխանատվությունից։ Ալեն Սիմոնյանը, ըստ էության, ՌԴ պաշտոնական խոսափող հանդիսացող գործչին՝ Մարիա Զախարովային անվանում է ինչ-որ գերատեսչության քարտուղարուհի և խորհուրդ է տալիս տապակվել իր դարդերով, և այս քայլը կրկին հատուկ է արված»,-շեշտեց Զոհրաբյանը:

Այս ամենի ֆոնին, շարունակեց նախկին պատգամավորը, սեպտեմբերի 11-20-ը անցկացվելու են հայ-ամերիկյան զորավարժություններ, մինչդեռ Հայաստանը առնվազն երկու անգամ հրաժարվել է ՀԱՊԿ-ի զորավարժություններից “տարբեր անհեթեթագույն պատճառաբանություններով”։ Դրան է գումարվում նաև Աննա Հակոբյանի Կիև հումանիտար բեռ ուղեկցելը և այնտեղ ինչ-որ սրտաճմլիկ ֆոտոսեսիաներ անելը, ինչը ուղղակի էլ ավելի է սրում  իրավիճակը։

Զոհրաբյանի համոզմամբ՝ իրավիճակը սրելու համակարգողը և ոսկե հովանավորը Արևմուտքն է, որը փորձում է Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունը հասցնել ավարտին՝ դուրս մղելով Ռուսաստանին տարածաշրջանից։ 

Ըստ Զոհրաբյանի, ՀՀ իշխանությունն իր դիմակը, իր նպատակների և ծրագրերի հետ միասին ամբողջությամբ բացել է և պատահական չէ, որ Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցի մեջ նշեց, որ Ռուսաստանն ինքն է իրեն դուրս մղում տարածաշրջանից և գուցե արթնանանք ու տեսնենք, որ Ռուսաստան չկա։ Այդ ամենին ի պատասխան Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից։ 

«Նիկոլ Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը Արևմուտքի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին, Ռուսաստանի վերաբերյալ։ Հիմա պետք է սպասել և հասկանալ՝ արդյո՞ք Ռուսաստանը կբավարարվի Զախարովայի, Զատուլինի և Պեսկովի կոշտ գնահատականներով, թե մենք կտեսնենք ավելի լուրջ քայլեր, որից միանշանակ տուժելու է Հայաստանը»,- շեշտեց Զոհրաբյանը։ 

Նիկոլ Փաշինյանը, շարունակեց մեր զրուցակիցը, նույնիսկ չի մտածում մի կարևորագույն հանգամանքի մասին, որ մենք ունենք Ռուսաստանում բնակվող պաշտոնապես գրանցված 3 միլիոն հայ, որոնց մի մասը ՌԴ քաղաքացիներ են, իսկ մյուսը ՝ իրենց ընտանիքը պահող հայաստանցիներն են։ 

«Նիկոլը թքած ունի մեր հայրենակիցների վրա, որոնց 90 տոկոսը, ցավոք, Նիկոլ ընտրող ա եղել։ Նա չի հասկանում, որ վտանգում է մեր հայրենակիցներին, նա չի հասկանում՝ եթե Ռուսաստանը ինչ-որ մի օր որոշի փակել Լարսի ճանապարհը, ապա այստեղ նույն սովը կլինի, ինչ հիմա Արցախում է: Բայց ես ևս մեկ անգամ կնշեմ, որ այս ամենը հատուկ և հաշվարկված քայլեր են քաոս ստեղծելու համար, որ այդ քաոսի շրջանում Ադրբեջանը պատերազմով, ինչպես հայտարարել է Ալիևը, կկարողանա լուծել Մեղրիի միջանցքի հարցը և Նիկոլ Փաշինյանն էլ կգտնի և այս ամենի միակ մեղավոր կկնքի Ռուսաստանին՝ ասելով, որ Մոսկվան իր պարտավորությունները չկատարեց»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Մարիա Զարգարյան