Աչքը Սյունիքի վրա՞ է. ո՞րն է Էրդողանի հաջորդ քայլը
Սիրիան ընկավ․․․ Տասնամյակից ավելի պայքարը հաջողությամբ չպսակվեց, սիրիական զինված ընդդիմությունը կամ «թուրքական վարչախումբը» մի քանի օրում ավարտին հասցրեցին արարը, որով ազդարարվեց Ասադի ռեժիմի վախճանը: Այն Սիրիան, որ գիտեր աշխարհը, այլևս գոյություն չունի, դրա դրոշները հեռացվում են աշխարհի երկրներում գտնվող սիրիական դեսպանատների վրայից։
Այս ամենը Էրդողանի վարած քաղաքականության հերթական հետևանքն է, որի ֆոնին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվ քննարկում է սկսվել, թե հերթը Հայաստանինն է, մասնավորապես, որ հաջորդը Սյունիքն է լինելու՝ այսպես կոչված «Զանգեզուր միջանցքի» համար։
Արդյո՞ք պետք է պատրաստ լինենք, որ Էրդողանի ավերիչ քաղաքականության հաջորդ թիրախը հենց Հայաստանն է, Սյունիքը, թե դա հերթական քարոզչական պատերազմն է, որ տարվում է հայ ժողովրդի դեմ թուրքա-ադրբեջանական տանդեմի կողմից, և ո՞րն է Իրանի դերակատարումը ստեղծված իրավիճակում. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
«Թուրք-ադրբեջանական դաշինքի ցանկացած հաջողություն ի վնաս Հայաստանի Հանրապետության է, անկախ նրանից, թե այդ հաջողությունը որտեղ է գրանցվում՝ Սիրիայում, թե այլ տեղ։ Ակնհայտ է, որ մարտահրավերները մեծացել են, քանի որ Սիրիայում գրանցած հաջողությունից հետո էրդողանական վարչախումբը և նրա արբանյակ Բաքվի բռնապետական վարչախումբն ավելի լկտի և հանդուգն կդառնան»,- ասաց Ոսկանյանը։
Մարտահրավերներ ունենալը, ըստ Ոսկանյանի, չի նշանակում, որ պետք է հանձնվել դրանց առջև, քանզի զուգահեռ բացվում են նոր հնարավորություններ: Մասնավորապես, սիրիական հիմնախնդիրը բերել է լուրջ խնդիրներ նույն Թուրքիայի համար՝ քրդական խնդիրը արդիական է դարձել, իսրայելական ներկայությունը և Սիրիայի տարածքներում իսրայելական զորքի տեղակայումը խնդիր կարող է ստեղծել Թուրքիայի համար, կամ նույն այն կառույցը, որը հավակնում է վերցնել, ըստ էության, իշխանությունը Սիրիայում կարող է փոխել իր տիրոջը և գտնել ավելի հարուստ հովանավորի, քան Էրդողանն է, իսկ այդպիսիք արաբական աշխարհում իսկապես կան։
Գալով մեր առջև սրված մարտահրավերներին, Ոսկանյանը նշեց.
«Ինչ վերաբերվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», ապա սիրիական փորձը մեզ հուշում է, որ սեփական պետության անվտանգության ապահովման համար թիվ մեկ բաղադրիչը սեփական անվտանգային ճարտարապետությունը կերտելն է։ Դրան զուգահեռ նաև հնարավորին լայն դաշնակիցների և աջակիցների շրջանակ ձևավորելն է տարբեր երկրների ներգրավմամբ։ Հույսը դնել նրան, որ որևէ մեկը կգա և մեր փոխարեն կկռվի անմտություն է. կկռվեն և կաջակցեն մեզ միայն այն դեպքում, երբ մենք կռվենք և մենք մեր շահերը առաջ մղենք»,- շեշտեց իրանագետը։
Ըստ նրա՝ եթե որևէ մեկը չի ուզում պաշտպանվել, ապա նրան ոչ ոք չի պաշտպանի, և դա երևաց Բաշար Ալ Ասադի (Սիրիայի նախկին նախագահ) իշխանության պարագայում, երբ սիրիական բանակը ուղղակի չկռվեց, ուղղակի ճակատամարտ չտվեց ահաբեկիչներին և դրա համար էլ որևէ դաշնակից չկարողացավ նրան աջակցել կամ պաշտպանել.
«Եթե մարտահրավեր կա, ապա պետք է սառը ուղեղով գնահատել և որոշել՝ ինչպիսի՞ ռեսուրսներով է հնարավոր դիմագրավել այդ մարտահրավերին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով հարցին, թե այս ամենը կարո՞ղ է մեզ հուշել, որ պետք է սպասենք պատերազմական գործողությունների մեր տարածաշրջանում, Ոսկանյանը պատասխանեց․
«Պետք է արձանագրենք մի կարևոր հանգամանք. ՀՀ–ն գտնվում է Մերձավոր Արևելքում, իսկ Մերձավոր Արևելքում պատերազմները, ցավալիորեն, ունեն մշտական բնույթ, այսինքն՝ մշտապես այստեղ պատերազմի ռիսկն առկա է։ Պատերազմներին պետք է մշտապես պատրաստ լինել, որևէ պատրանք չունենալ, որ որևէ փաստաթուղթ կամ կուլիսային պայմանագիր երաշխիք է, որ որևէ մեկը քո անվտանգությունը չի խաթարի, որևէ մեկը քո պետքության վրա չի հարձակվի, և դա մենք տեսանք Սիրիայում՝ Աստանայի ձևաչաթով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները խախտվեցին էրդողանական վարչախմբի կողմից»։
Մարիաննա Արամյան