Պուտինը քաղաքական ապաստան է հատկացրել Ասադին, իսկ Արցախի ղեկավարությունը գերեվարվել է իրենց կենտրոնակայանից
Ամբողջ աշխարհն այս օրերին քննարկում է Սիրիայում ընթացող ներքաղաքական իրադարձությունները։ Շատերը դրանք որակում են որպես Սիրիայի ծաղկունքի սկիզբ, որոշներն իշխանափոխությունը երկրի անկման գործընթաց են համարում։
Ի՞նչ ճակատագրի կարժանանա Բաշար Ալ Ասադի ընտանիքը, որին քաղաքական ապաստան է տրամադրել անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Բարսեղյանը MediaHub-ի հետ զրույցում զուգահեռներ անցկացրեց Արցախի ու Սիրիայի դեպքերի միջև։
«Ամբողջ գիտակից կյանքում թուրքի դեմ կռված Բակո Սահակյանին հենց ռուսական ռազմաբազայից գերեվարելուն Պուտինը չխոչընդոտեց, բայց Էրդողանի հետ սիրավեպերի միջոցով անցած կամազուրկ ու ինքնություն չունեցող ոչնչության կյանքը փրկեց»,-ասաց նա։
Եվ խոսքը միայն Բակո Սահակյանի մասին չէ, այլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարել են Արցախի հայկականությունը պահպանելու, երկրի սահմանները պաշտպանելու համար։ Բարսեղյանի խոսքով՝ սա խոսում է միայն Պուտինի նկատմամբ հանրային հարգանքի արդարացի մսխման ու օր ծերության Պուտինի քաղաքական ու ֆիզիկական անփառունակ վախճանի անխուսափելիության մասին․
«Թուրքերը առանձնահատուկ վատ են վարվում յուրայիններին դավաճանածների հետ, նույնիսկ երբ դա իրենց՝ թուրքերի շահերից է բխել»,-ասաց նա։
Աշխարհի բոլոր հակամարտությունների հիմքում այդ երկրների պետական շահն է։ Թե որտե՞ղ է բախվում Ռուսաստան-Թուրքիա շահը, որի զոհաբերության համար Արցախից հետո գլխատվեց Սիրիան՝ որևէ վերլուծաբան դեռ չի անդրադարձել։ Սակայն, Էրդողանն անթաքույց է արտահայտում իր վերաբերմունքը Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ.
«Աշխարհում միայն երկու առաջնորդ է մնացել՝ ես և Պուտինը», - Գազիանթեփում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը։
Հունան Թադևոսյան