Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից

Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից

2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերությունից, որի սեփականատերն ու տնօրենը մեղադրվում է պետությունից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար (256 մլն դրամ) հափշտակելու գործով․ այս մասին գրում է Hetq.am-ը։

938 միլիոն դրամի պատվեր՝ միայն 2023 թվականի առաջին 5 ամիսներին

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի գնորդները 2023 թվականի ընթացքում եղել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Մասիսի համայնքապետարանը։ Ընկերության հետ այս տարի կնքվել է ընդհանուր 5 պայմանագիր, որոնցից 3-ը բաժին է հասել ՏԿԵՆ-ին, 1-ական՝ Երևանի քաղաքապետարանին ու Մասիսի համայնքապետարանին։

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն զբաղվում է ճանապարհների գծանշման աշխատանքներով։ 2023 թվականի մայիսի 4-ին ՏԿԵՆ-ը 343 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ռեգիոնստրոյսերվիսի» հետ, որը պարտավորվել է այդ գումարի դիմաց կատարել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհների գծանշման աշխատանքները։

Մեկ այլ պայմանագրով, որի արժեքը կազմել է մոտ 160 միլիոն դրամ, «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետք է գծանշումներ անի Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։

ՏԿԵՆ-ի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև այս տարվա երրորդ պայմանագիրն էլ կնքվել է 2023թ․ ապրիլի 26-ին։ Մոտ 62 միլիոն դրամի դիմաց ընկերությունը պարտավորվել է գծանշման աշխատանքներ կատարել Արարատի և Արմավիրի միջպետական ու հանրապետական ճանապարհներին։

Երևանի քաղաքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ մարտի 20-ին։ Համայնքային բյուջեից ընկերությանը փոխանցվելու է ընդհանուր 365 միլիոն դրամ՝ մայրաքաղաքի փողոցները գծանշելու համար։ Մասիսի համայնքապետարանի և «Ռեգիոնստրոյսերվիսի» միջև հունվարի 12-ին կնքված պայմանագրի արժեքն էլ կազմել է 8 միլիոն դրամ։

Այսպիսով, միայն 2023 թվականի ընթացքում «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն պետական և համայնքային մարմիններից ստացել է ընդհանուր 938 միլիոն դրամի պատվեր։

2020 թվականի դեկտեմբերի 24-ին հիմնադրված այս ընկերությունը 100 միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել նաև 2021 և 2022 թվականներին, որոնց նախկինում «Հետքն» անդրադարձել է։

Խմբով՝ նախնական համաձայնությամբ, պետությունից հափշտակել են մոտ 256 միլիոն դրամ

«Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու տնօրենը Հակոբ Ստեփանյանն է, որը տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաև ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը ևս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։

2020 թվականի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

Մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ գնման գործընթացը կազմակերպելիս մյուս ընկերությունների համար ստեղծվել են հակամրցակցային պայմաններ, ինչն էլ հնարավորություն է տվել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին հաղթել մրցույթներում։ 2021թ․ ապրիլի 8-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ նույն թվականի ապրիլի 14-ին՝ մուտքագրվել դատարան։

Ամբաստանյալի կարգավիճակում են միայն Հակոբ Ստեփանյանն ու Ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը։ Նախաքննության ընթացքում գործով անցող մյուս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ինչ վերաբերում է դատական գործին, ապա այն դատարան մտնելուց երկու տարի անց դեռևս անավարտ է և գտնվում է դատաքննության փուլում։

Այսպիսով, պետական և համայնքային տարբեր մարմիններ այս ամենի ֆոնին, երբ մասնավոր ընկերության տնօրենը մեղադրվում է պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ, շարունակում են այդ նույն մարդու հիմնած մեկ այլ ընկերության հարյուր միլիոնների գումար վստահել և ծառայություն պատվիրել։