Ձեր կինը Արսեն Խառատյանի քույրն է, դուք կարող է անաչառ չլինեք․ Սարգսյանի փաստաբանը՝ դատավորին

Ձեր կինը Արսեն Խառատյանի քույրն է, դուք կարող է անաչառ չլինեք․ Սարգսյանի փաստաբանը՝ դատավորին

Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական նիստի ընթացքում երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ 

«Դուք ընդգծված բացասական վերաբերմունք ունեք պատասխանող կողմի նկատմամբ։ Ինձ՝ փաստաբան Ամրամ Մակինյանիս, հայտնի են դարձել փաստեր, որոնք ուղղակի կասկածի տակ են դնում այս գործով դատավոր Կարապետ Բադալյանի անաչառությունը։ Դուք հանդիսանում եք Անահիտ Խալաթյանի ամուսինը, ում մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը։ Բաց աղբյուրներից վերցված տեղեկությունների համաձայն՝ նախագահող դատավորը դատավորի պաշտոնին հավակնել է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո»,- ասաց Ամրամ Մակինյանը։

Նա նկատեց՝ Արսեն Խառատյանը, որը դատավորի աներձագն է, 2018-ին աջակցել է Նիկոլ Փաշինյանին։

«Առկա են բազմաթիվ հրապարակային ելույթներ։ Բացի այդ, դատավորի կնոջ մայր Հրանուշ Խառատյանը ևս բացասական վերաբերմունք ունի պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այսինքն՝ ներկայացվածն ակնհայտ ապացուցում է, որ դատավորի մերձավոր հարազատներն ընդգծված բացասական վերաբերմունք ունեն սույն գործով պատասխանողի նկատմամբ»,- նշեց նա։

Բացի այդ, ներկայացրեց նա, դատավորի կինը գումար է ստացել Արսեն Խառատյանից․ վերջինս «Ալիք մեդիա» լրատվական կայքի ղեկավարն է։