Կշարունակենք ապրել անքաղաքապետ

Երևանի ավագանու արտահերթ նիստը «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտելու է։ Հիշեցնենք, որ նիստը նախատեսված է քաղաքապետ ընտրելու համար, սակայն, քանի որ իշխանությունն այս պահին թեկնածու չունի, նիստ չի կայանա։ Իշխող խմբակցությունը քվորում չի ապահովի, այդպիսով հարցը կմնա առկախված։
Նկատենք, որ արտահերթ նիստ հրավիրելը օրենքի պահանջն է։ Նման անհրաժեշտություն էր առաջացել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։ Ավագանին արտահերթի համար ամենաուշը մեկ ամիս ժամանակ ուներ, Սարգսյանի հրաժարականը եղավ մարտի 17-ին, իսկ նրա փոխարեն քաղաքապետ ԺՊ դարձավ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ավագանու մեծամասնություն կազմող իմքայլականները նիստը չէին բոյկոտի, եթե քաղաքապետի իրենց թեկնածու Տիգրան Ավինյանը հնարավորություն ունենար ընտրվելու, բայց քանի որ նա ավագանու անդամ չէ՝ օրենքը դա թույլ չի տալիս։
Այսպիսով, Երևանի ավագանու մեկ խմբակցության որոշմամբ, մայրաքաղաքը կշարունակի մնալ անգլուխ, իսկ մյուս խմբակցությունները հնարավորություն անգամ չեն ունենա իրենց թեկնածուին առաջադրելու, եթե, իհարկե, ունեն որևէ մեկին, քանի որ իմքայլականներն այդպես են որոշել։
Եվ այժմ մնում է սպասել նույն իմքայլականների որոշմանը, թե արդյոք պե՞տք է գնալ արտահերթ ընտրությունների: Դեռ հստակ ոչինչ չկա, բայց և բացառված չեն ավագանու արտահերթ ընտրությունները։ Իշխանական թևն այդ հարցի քննարկումը շարունակում է պահել օրակարգում։
Նարե Գնունի