Քանի քաղաքացի է բերման ենթարկվել Սիլիկյան թաղամասից

Քանի քաղաքացի է բերման ենթարկվել Սիլիկյան թաղամասից

Սիլիկյան թաղամասից այսօր բերման է ենթարկվել 10 անձ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածով և 2 անձ պետական գույքը վնասելու համար, որոնցից մեկը տրակտորի վարորդն էր։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից:

Ավելի վաղ MediaHub-ը ուղիղ եթերով ներկայացնում էր իրավիճակը Սիլիկյան թաղամասում, որտեղ ապօրինի թվով 21 շինություն է քանդման ենթակա: Տեղի էր ունեցել բախում քաղաքացիների և իրավապահների միջև:

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.

«Քաղաքապետի համապատասխան որոշումներով Երևանի Աջափնյակ համայնքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում Երևան համայնքին պատկանող հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության իրականացվել են բետոնե հիմքով և քարե շարվածքով շինության կառուցման շինարարական աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվել են ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք:

Թվով 21 շինությունների քանդման աշխատքները մեկնարկել են այսօր և մինչ այս պահը շարունակվում են:
Քանդման աշխատանքները ընթացել են ապօրինի կառույցները տնօրինողների քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքի ներքո:

Քաղաքացիները նաև բռնություն են կիրառել քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ, ինչպես նաև վնասել են քաղաքապետարանի գույքը:

Բոլոր ապօրինի շինությունները կառուցվել են նախընտրական շրջանում: Քաղապետարանի դիրքորոշումն այն է, որ ցանկացած ապօրինի քայլին հետևելու են ամենակոշտ մեթոդները:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»։

Մարիա Զարգարյան