Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Տանիա Դմիտրաչենկոյի, Ադանա Դեբորա Ուգոչի Չուկվումայի, Թոմաս Պալուի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարեւորել է Համաշխարհային բանկի կողմից մեր երկրի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ մի շարք հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները խոսել են նախկինում կատարված աշխատանքների մասին եւ քննարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեխանիզմներն ու ռեսուրսները, ինչպես նաեւ հետագա քայլերը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ հանդես է եկել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը փոփոխելու առաջարկով, որն այս պահին քննարկումների փուլում է:

Հյուրերը հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց մոտեցումները եւ փորձառությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին` ծրագիրը կյանքի կոչելու համար: