ԱՄՆ-ն 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

ԱՄՆ-ն 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև նախատեսվում է դրամաշնորհային համաձայնագիր ստորագրել։

Համագործակցության շրջանակներում Վաշինգտոնը 120 միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Երևանին։ Դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

68, 565 մլն դոլար ուղղվելու է ժողովրդավարության խթանմանը, իսկ 51,435 մլն դոլարը՝ տնտեսական անվտանգության բարելավման համար:

«Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ սույն փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով»,- նշված է նախագծում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ կարևոր համաձայնագիր է։

«Մենք  թվային բարեփոխումների  շատ կարևոր մի փուլում ենք ու  քաղաքական առումով չպետք է մոռանանք խնդրի մասին, որն ունենք. ընտրական գործընթացը պետք է  տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով ու դա պետք է լինի նույնականացման քարտը, սա շատ կարևոր  է, ու ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա», - կառավարության նիստում նշեց նա։