Ինչ լուրջ խնդիրների է կարող բերել սուրճի և էներգետիկ ըմպելիքների հաճախակի օգտագործումը

Ինչ լուրջ խնդիրների է կարող բերել սուրճի և էներգետիկ ըմպելիքների հաճախակի օգտագործումը

Օրվա ընթացքում չափից շատ սուրճ եւ էներգետիկ ըմպելիքներ խմելը կարող է խաթարել կենտրոնացումը, ուշադրությունը,  արդյունավետության մակարդակը: Այս մասին Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է Սկանդինավյան առողջության կենտրոնի էնդոկրինոլոգ Գալինա Սմիրնովան։

«Կոֆեինի առաջացրած խթանումը հանգեցնում է էներգիայի արագ աճի, բայց հետո սառչման շրջան է լինում: Շատերըմի բաժակ սուրճից մի քանի ժամ անց զգում են ուժի կորուստ, կենտրոնացման կորուստ. սա նույն հետընթացն է: Կոֆեինի տեւական օգտագործումը կարող է հանգեցնել գերխթանման՝ առաջացնելով անհանգստություն ու շփոթություն», - բացատրել է նա:

Մասնագետն ասել է, որ արագ սնունդը, ալյուրն ու քաղցրավենիքները նույնպես կարող են զգալիորեն նվազեցնել ամբողջ օրգանիզմի էներգիայի մակարդակը։ Դա կարող է դժվարացնել կենտրոնացումը, քանի որ ճարպը կարող է բարձրացնել տրիգլիցերիդների մակարդակը՝ նվազեցնելով զգոնությունն ու կենտրոնացումը, իսկ շաքարն առաջացնում է գլյուկոզայի զանգվածային աճ, որը վերածվում է ճարպի, եթե այն չօգտագործվի ֆիզիկական գործունեության համար:

Էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել ամենօրյա սննդակարգում ավելացնել ավելի շատ մրգեր, բանջարեղեն և ընկույզներ, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ ու միկրոէլեմենտներ, որոնք նպաստում են էներգիայի արտադրությանն ու կանխում հանկարծակի անկումը, միաժամանակ բարելավում կենտրոնացումը։ Սննդակարգի այս տեսակի մթերքները նաև օգնում են բարելավել ընդհանուր զգացողությունը ողջ օրվա ընթացքում: