Ինչո՞ւ են ադրբեջանցիներն անհանգստացած նոր շարժմամբ, ՔՊ-ում սկսվելու է «մանր գլուխներ թռցնելու» փուլը. Մամուլը՝ սուրճով

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն անհանգստացած նոր շարժմամբ, ՔՊ-ում սկսվելու է «մանր գլուխներ թռցնելու» փուլը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք գրել էինք, որ ՔՊ փակ նիստերում վերջերս քննարկել էին կուսակցականների էթիկայի եւ վարքականոնի խնդիրները, Փաշինյանը հայտարարել էր, թե խիստ է լինելու թիմակիցների ցանկացած արատավոր արարքի, հատկապես կոռուպցիայի նկատմամբ։

ՔՊ-ում կարծում են, որ շուտով սկսվելու է «մանր գլուխներ թռցնելու» փուլը, այսինքն՝ միջին կալիբրի պաշտոնյաներ կձերբակալվեն, որով մի կողմից ցույց կտան, թե չեն հանդուրժում անգամ կոռուպցիոներ թիմակիցներին, մյուս կողմից՝ կփորձեն իրենց ընկած վարկանիշը բարձրացնել։

Պարբերաբար իրականացվող հարցումները, որով իրենց վարկանիշն են ստուգում, կատաստրոֆիկ պատկեր են արձանագրել, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հանրապետության մասշտաբով 20 տոկոսից պակաս է, իսկ ՔՊ-ն ավելի ցածր վարկանիշ ունի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ ամիս՝ դեկտեմբերին, ամփոփիչ քաղաքական ժողով կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն կուսակցության արդեն 3-րդ քաղաքական ժողովն է:

Այս օրերին ՔՊ-ում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. քննարկվում են քաղաքական ժողովի անցկացման օրվա, տեղի եւ օրակարգի հետ կապված հարցեր:

Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցում են կուսակցության վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ավարտում է և առաջիկայում հանրությանը կներկայացնի «Համահայկական ճակատ» շարժման ծրագիրը: Այն, որ Արշակ Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ անհանգստացնելու էր Հայաստանի գործող իշխանություններին, ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ անսպասելի:

Սակայն շատ ավելի հետաքրքիր է, որ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս անդրադարձել են Կարապետյանին և նրա հիմնադրած շարժմանը։ Ուշագրավ է, որ այս գործում հատկապես ակտիվ են Իլհամ Ալիևի ու ալիևյան կլանի անվան հետ կապ վող լրատ վամ ի ջոց ն ե ր ը (մասնավորաբար՝ «Հաքին.ազ»-ը), թեպետ Ադրբեջանում լրատվամիջոցների գերակշիռ մասը դրված է «նախագահականի» տակ:

Այստեղ շատ ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցների, այդ թվում՝ Էյնուլա Ֆաթուլաևին պատկանող կայքի գնահատականները գրեթե նույնական են Հայաստանի արևմտյան թևի ներկայացուցիչների, իմա՝ մերձիշխանական շրջանակների որակումների հետ, որոնք տոտալ հարձակում են գործում բոլոր նրանց ուղղությամբ, որոնք իրենց հետ նույն «ճամբարում» չեն: Ի դեպ, հետաքրքիր է, որ ցանկացած դեպքում, երբ որևէ անձից կամ ուժից առարկայական սպառնալիք է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, ադրբեջանական մամուլն անմիջապես տեղեկատվական մեծ ար շավ է իրականացրել այդ անձի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 24-ին Երեւանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրություններ տեղի կունենան: Թեեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել, բայց թեկնածուների շուրջ դեռ ակտիվ խմորումներ են գնում:

Այժմ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է իմքայլական նախկին պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը. նա Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2019թ.-ի հոկտեմբերին: Մինչ այդ ֆեդերացիայի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններին Մխիթար Հայրապետյանը չի պատրաստվում առաջադրվել, փոխարենը իր թեկնածությունը կառաջադրի ԱԺ իշխանական նախկին պատգամավոր, որի անունը հայտնի կդառնա առաջիկայում: Իշխանությունները փնտրում են ազդեցիկ, միջոցներ հայթայթող կերպար, որպեսզի կարողանա ֆեդերացիայի մշտապես մեծ պահանջները բավարարել:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանն անվերադարձ հեռացավ Հայաստանից։

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում ակտիվ խոսում են եկող տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Թեման օրակարգ է բերել իշխանությունը:

Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ հերթական անգամ ձեռքի հետ սպառնացել է, թե այնքան անելու են, որ նոր ընտրություններ անցկացնեմ ու նորից վերընտրվեմ, խորհրդարանի ներկայիս պատկերն էլ ամբողջությամբ փոխեմ` բոլորովին նոր ընդդիմություն բերեմ խորհրդարան։

Քաղաքական շրջանակներում էլ չեն բացառում, որ Փաշինյանը կարող է նման ձիու քայլ անել եւ մեկ-երկու տարի առաջ ընտրության գնալ` մեկ անգամ էլ ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելով ընտրվել, որ այս անգամ պողպատե մանդատի մասին ավելի վստահ խոսի: Դրա իմաստը նաեւ այն է, որ անակնկալի բերի քաղաքական դաշտը եւ հնարավորություն չտա նոր ընդդիմադիր ուժ հասունանալու»: