Mercedes-Benz-ը բացառիկ մեքենա է ստեղծել լեգենդար գոլֆիստի համար

Mercedes-Benz-ը բացառիկ մեքենա է ստեղծել լեգենդար գոլֆիստի համար

Գերմանացի գոլֆիստ Բերնհարդ Լանգերն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1972թ․ եւ այդ ընթացքում երկու անգամ հաղթել է The Masters Tournament-ում՝ 1985 եւ 1993 թվականներին։ Մինչեւ 2011թ․ Լանգերը միակ գերմանացին էր, որը գլխավորում էր գոլֆիստների համաշխարհային վարկանշային աղյուսակը, իսկ Բերնհարդի սպորտային կարիերայի 40-ամյակի կապակցությամբ գերմանական ավտոարտադրողը որոշել է բացառիկ մեքենա պատրաստել: Mercedes-Benz-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ իրենց Գելենդվագենը, ինչպես մարզիկը, մի քանի տասնամյակ առաջատարն է իր տեսակի մեջ, գրում է Motor-ը։

Հազվագյուտ մեքենան ստեղծվել է G 550 ամենագնացի ամերիկյան տարբերակի վրա, որը հագեցած է 416 ձիաուժ հզորությամբ 4,0 լիտրանոց V8 բենզինային շարժիչով, 9-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով եւ լիաքարշակ երեք դիֆերենցիալ բլոկավորմամբ:

Արտ մեքենան չի ենթադրում տեխնիկական փոփոխություններ, սակայն այն առանձնանում է թափքի հատուկ դեկորով։ Նախագծի հեղինակը Կալիֆոռնիայում բնակվող դիզայներ եւ նկարչուհի Լեա Աբուկայանն է, որն իրեն բնորոշ ոճով պատկերել է գոլֆիստի սպորտային կարիերայի հիմնական հանգրվանները։

Թափքի վրա հայտնվել են վառ պատկերներ, Բերնհարդ Լանգերի նկարները եւ #strongerthantime հեշթեգը՝ «Ժամանակից ուժեղ» կարգախոսը, որը ֆիրմային է ավելի քան 40 տարի արտադրվող Mercedes-Benz G-Class-ի համար: