Ինժեներներն ինտեգրված լազեր են մշակել կապի հզոր ու էժան ցանցերի համար

Ինժեներներն ինտեգրված լազեր են մշակել կապի հզոր ու էժան ցանցերի համար

Հարվարդի ինժեներիայի եւ կիրառական գիտությունների դպրոցի գիտնականները լիթիումի նիոբատի չիպի վրա տեղադրված առաջին ամբողջությամբ ինտեգրված հզոր լազերն են մշակել: Հետազոտությունը հրապարակվել է Optica ամսագրում։

Ինժեներների թիմը՝ էլեկտրատեխնիկայի եւ կիրառական ֆիզիկայի պրոֆեսոր Մարկո Լոնչարի գլխավորությամբ, իր ինտեգրված չիպի համար ոչ մեծ, բայց հզոր լազերներ է օգտագործել՝ բաշխված հետադարձ կապով։

Հետազոտողները լազերը միավորել են լիթիումի նիոբատից էլեկտրաօպտիկական 50 ԳՀց մոդուլյատորի հետ՝ ալիքատարներում մինչեւ 60 մՎտ հզոր հաղորդիչ ստեղծելու համար: Լազերները տեղադրվում են մոդուլյատորի ափսեի մակերեսին փորված փոքր փոսիկների մեջ։

Հեռահաղորդակցության ցանցերը, տվյալների մշակման կենտրոնի օպտիկական միացությունները եւ միկրոալիքային ֆոտոնային համակարգերը լազերներն օգտագործում են որպես տվյալների փոխանցման հիմք: Շատ դեպքերում, ինչպես նշում են հետազոտողները, լազերները մոդուլյատորների հանդեպ արտաքին սարքեր են: Նման բաշխված համակարգը ավելի թանկ եւ պակաս կայուն է, քան ինտեգրվածը: Բացի այդ, ավելի դժվար է մասշտաբայնացնել:

Գիտնականները նշում են, որ լիթիումի նիոբատի վրա հիմնված ինտեգրված բարակ թաղանթային ֆոտոնիկան խոստումնալից ուղղություն է չիպերի մասշտաբով բարձր արդյունավետությամբ օպտիկական համակարգերի ներդրման համար։ Այն արդեն ակտիվորեն օգտագործվում է բազմաթիվ մոդուլյատորների, հաճախականության սանրերի եւ հաճախականության վերակազմավորման աշխատանքում: Այնուամենայնիվ, մինչ այժմ հնարավոր չի եղել չիպի վրա լազեր ստեղծել։

Բարակ թաղանթով սարքերի եւ բարձր հզորության լազերների ինտեգրումը, ինչպես կարծում են ինժեներները, հնարավորություն է բացում հզոր, ոչ թանկարժեք եւ բարձր արտադրողականությամբ հաղորդիչների եւ օպտիկական ցանցերի համար: Տեխնոլոգիան թույլ է տալիս մշակել հեռահաղորդակցության հզոր համակարգեր, լիովին ինտեգրված սպեկտրոմետրեր եւ հաճախականության արդյունավետ փոխարկիչներ՝ քվանտային ցանցերի համար, գրում է «Հայտեկը»։