Բուֆալոյում հրաձգության զոհերի թիվը հասել է 10-ի

Նյու Յորքի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել 3-ը վիրավորվել։ Այս մասին CNN-ի հեռարձակած մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջոզեֆ Գրամագլիան։
«Հրազենային վնասվածքներ է ստացել 13 մարդ, նրանցից 10-ը սպանվել են, այդ թվում՝ սուպերմարկետի չորս աշխատակից»,- ասաց նա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մահացել է ութ մարդ։
Ոստիկանության տվյալներով՝ բերման է ենթարկվել 18-ամյա սպիտակամորթ մի երիտասարդ, ով քաղաքում չէր ապրում։ «Նա կրում էր զրահաբաճկոն և մարտավարական սաղավարտ՝ տեսախցիկով, որով ուղիղ հեռարձակում էր կատարում», – հավելել է Գրամագլիան։
Հարձակումից հետո երիտասարդը դուրս է եկել սուպերմարկետից։ Նա սպառնացել է ինքնասպան լինել, սակայն ոստիկաններին հաջողվել է համոզել նրան հանձնվել։
Բուֆալոյի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Սթիվեն Բելոնգիան ասել է, որ կրակոցը հետաքննվում է որպես ատելության հանցագործություն: Ենթադրվում է, որ հրաձիգը ավելի վաղ հայտնել էր իր դրդապատճառները սոցիալական ցանցերում հրապարակված ռասիստական հայտարարության մեջ: