Փարիզը 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ կվերանորոգի Ելիսեյան դաշտերը

Փարիզը 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ կվերանորոգի Ելիսեյան դաշտերը

2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզը կվերափոխի  հայտնի Ելիսեյան դաշտերը՝ ծառեր տնկելով և լայնացնելով հետիոտնային տարածքները, չորեքշաբթի հայտարարել են Ֆրանսիայի մայրաքաղաքի պաշտոնյաները: Ֆրանսիացիները հաճախ դա անվանում են « աշխարհի ամենագեղեցիկ պողոտան», սակայն ակտիվիստները դժգոհում են, որ երթևեկությունը և շքեղ մանրածախ առևտրային  մթնոլորտն այն վերածել են աղմկոտ և էլիտար տարածքի, որից խուսափում են  Փարիզի բնակիչները:

«Մենք պետք է նորից հմայիչ դարձնենք մայրաքաղաքի ամենահայտնի պողոտան, որը կորցրել է իր շքեղությունը վերջին 30 տարում», – լրագրողներին ասել է մայրաքաղաքի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժաննա դ’Օտեզերրը: «Դա նշանակում է մեքենաների  տարածքի կրճատում: Մենք այդպես ենք պատկերացնում ապագայի քաղաքը», – ասել է Փարիզի  քաղաքապետ Անն Իդալգոն:

Քաղաքի ղեկավարը փորձում է  մեքենաների թիվը նվազեցնել Փարիզում, փոխարենն ավելացնել կանաչ տարածները:  Դա  հատկապես  անհրաժեշտ է  դառնում շոգ եղանակին, երբ քաղաքի աղտոտվածոււթյունը խառնվում է տոթին:

Հաղթական կամարի շուրջը, որը գտնվում է Ելիսեյան դաշտերի վերևում, նախատեսվում է ընդլայնել հուշարձանը շրջապատող հետիոտների օղակը: Եվ երկու կիլոմետր (1,2 մղոն) երկարությամբ պողոտայի ներքևի մասում, որը գտնվում է  Կոնկորդիայի հրապարակի  կողքին,  վերափոխել այգիները: «Մենք կստեղծենք մեկուկես հեկտար կանաչ տարածք և կտնկենք հարյուրից ավելի ծառ», – ասել է փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը։

Փարիզի իշխանությունը  Օլիմպիական խաղերին ընդառաջ կծախսի 26 միլիոն եվրո (27,5 միլիոն դոլար) վերակառուցման աշխատանքների համար:

Ելիսեյան դաշտերը  կառուցվել է 1670 թվականին, վերանորոգվել է Բարոն Հաուսմանի կողմից՝ 19-րդ դարի կեսերին: «Աշխարհի ամենագեղեցիկ պողոտան»  Ֆրանսիայի պատմության ամենաուրախ և ամենատխուր պահերի ականատեսն է եղել: Այստեղ են անցկացվում  տոնակատարություններ և ոգեկոչումներ, ինչպես նաև բողոքի ցույցեր, այստեղ է  տեղի ունեցել   նաև հայտնի  «Դեղին բաճկոնների»  շարժումը:  Այս պողոտայով է  անցնում նաև  Բաստիլի օրվա զորահանդեսի երթուղին, տոն,որը նշվում է  հուլիսի 14-ին: Ելիսեյան դաշտերն են նաև   Tour de France հեծանվավազքի ամենամյա մրցավազքի ավարտական կետը: