Անկախության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանության հարցը լղոզել ենք․ Փաշինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ նա իր խոսքում ասում էր, թե խաղաղություն է պարտադրելու Ադրբեջանին, սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, դա չստացվեց։
Բացի այդ, նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախի հարցում զիջումների, որ իբր խաղաղություն լինի, դրան էլ հաջորդեց Ալիևի՝ միջանցքի պահանջը։
«Այս իրավիճակում ի՞նչ լուծում եք առաջարկում»,- հարցրեց նա։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն գործողությունները, որոնց մասին խոսում է Խաչատրյանը, դրանց նպատակը կապված է եղել ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ։
«Անկախության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել, լղոզել ենք, և դա ֆունդամենտալ պրոբլեմ է։ Հարցին պետք է ֆունդամենտալ նայենք։ Ամեն ինչ ՀՀ-ի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար է արվում։ Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ մեր որոշումները պետք է լինեն բացառիկ լեգիտիմ։ Իսկ ինչ վերաբերում է Բաքվի հայտարարություններին, ապա ես դրանց պատասխանել եմ։ Խաղաղության խաչմերուկը ներառում է հարցի պատասխանը։ Մեր հարցադրումներին ի պատասխան երկու հակադրում է անում Ադրբեջանը. առաջինը, եթե մենք պատրաստ չենք ճանապարհները բացել, ապա նրանք Իրանի ճանապարհից կօգտվեն, և երկրորդն էլ՝ Նախիջևանի հետ կապը ապահովելուց ինչո՞ւ պետք է լինեն ստուգումներ։ Մենք էլ ասել ենք՝ նույն պայմաններով ենք պատրաստ ճանապարհը տրամադրել, ինչով անում է Իրանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արթուր Խաչատրյանն էլ արձագանքեց՝ Ադրբեջանն ինչ ուզում է, կորզում է, հետո էլ շարունակում է հակահայ քարոզչությունը։
«Ես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է վաղը պատերազմ սկսել։ Ի՞նչ հակաքայլ եք նախատեսում»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց․ «Մեր դիրքորոշումը պետք է լինի միջազգային իրավական լեգիտիմությունը՝ կապված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ»։
«Խնդրում եմ՝ ինձ հետագայում չմեղադրեք, որ ես հետ եմ գնում, քանի որ ինքներդ էլի հարցը տանում եք բանակցային գործընթացին՝ խոսելով ԼՂ-ի շուրջ բանակցությունների մասին։ ԼՂ-ի հարցում բանակցային սեղանին ամեն ինչ դասավորված էր, ու դա պետք եղած դեպքում կապացուցեմ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։