Ինչո՞ւ Արցախում ընդդիմությունը չի սկսում փողոցային ակցիաները

Ինչո՞ւ Արցախում ընդդիմությունը չի սկսում փողոցային ակցիաները

Քաոս է, այլ բառով նկարագրել չեմ կարող։ MediaHub.am-ի հետ զրույցում այսպես նկարագրեց Արցախում տիրող վիճակը ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ այն, որ կրակոցներ են լինում Արցախի նախագահականի վրա, դրանից առաջ մարդիկ են ներխուժում խորհրդարանի շենք, վկայում է, որ Արցախի իշխանություններն ուղղակի թույլ են ու չեն կարողանում իրավիճակը կառավարել։

«Սա թույլ իշխանության մասին է խոսում։ Արայիկ Հարությունյանն ու իր թիմը պարտված, թույլ մարդիկ են, որոնց շուրջ մարդիկ չեն ցանկանում համախմբվել։ Այս վիճակից միակ ելքն այն կլինի, որ Հարությունյանն անցնցում հեռանա, ու իրենց փոխարինելու գան կարող ուժեր։ Այդ մարդիկ, վստահեցնում եմ, կան, ու իշխանության պատճառաբանությունները, թե չկա որևէ մեկը, որ կկարողանա իշխանությունն իր ձեռքն առնել, անտեղի ու անիմաստ են»,- ասաց Գալստյանը։

Դիտարկմանը, որ ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Արայիկ Հարությունյանին պետք է փոխարինի ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայները հավաքած ուժը, այսինքն՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Դավիթ Գալստյանն արձագանքեց՝ Խանումյանը դեռ որոշ ժամանակ առաջ Արայիկ Հարությունյանի կողմնակիցն էր, այդ ինչո՞ւ այն ժամանակ չէր խոսում, այդ ի՞նչ եղավ, որ հիմա հասկացավ՝ Հարությունյանը պետք է գնա։

«Արցախի ժողովուրդը կանի իր ճիշտ ընտրությունը, որևէ մեկի գրառումը այստեղ դեր ունենալ չի կարող»,- ասաց նա։

Դավիթ Գալստյանի դիտարկմամբ՝ Հարությունյանն ինքն է ստեղծել Արցախում այս քաոսը, որ իր իշխանությունը պահի, բայց արդեն վիճակն անվերահսկելի է, ու Արցախի նախագահը հիմա ստիպված է ուտել իր իսկ եփած «բորշը»։

«Ինքը պետք է գնա, այլ տարբերակ չկա։ Մարդիկ ուզում են պայքարել, բայց ոչ իր հետ։ Ոչ ոք իր շուրջ չի համախմբվի։ Ինքը մեր բռունցքը բացեց, ու այդ պատճառով մատները սկսեցին ջարդվել, իսկ փակ բռնունցքի դեպքում մատներն ավելի ամուր են»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանն ինքնակամ չի հրաժարվի պաշտոնից, արդյոք ժամանակը չէ՞, որ փողոցային պայքար սկսի ընդդիմությունը, Դավիթ Գալստյանն արձագանքեց՝ փողոցով իշխանության եկածների օրինակ Հայաստանում տեսնում են ու գիտեն՝ ինչ հետևանք դա կարող է ունենալ։

«Բացի այդ, երբ Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն են ակցիաներ անում, որևէ մեկը չի դիմադրում, որևէ մեկին ոստիկանները բերման չեն ենթարկում։ Իսկ ահա ընդդիմության դեպքում բոլորին բերման կենթարկեն։ Այդ պատճառով դեռ փողոցային ակցիաներ չենք նախաձեռնում, թեև չենք բացառում, որ դրանք ևս կարող են լինել»,- ամփոփեց խոսքը Դավիթ Գալստյանը։

Նարե Գնունի