Ինչի՞ շուրջ համաձայնության չեն գալիս ապահովագրականներն ու ՊԱԳ-ը

Մոտ երկու շաբաթ է՝ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունը պայմանագրեր չի կնքում ապահովագրական ընկերությունների հետ, որ սոցփաթեթի շահառուները կարողանան պատշաճ բուժօգնություն ստանան։ Պատճառը ֆինանսական խնդիրներն ու ապահովագրականների հետ այդ հարցում ընդհանուր հայտարարի չգալն է։
Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ համաձայնության չեն եկել պայմանագրային գումարի վերաբերյալ, բայց կարծես արդեն համաձայնությունը ձեռք բերվել է, և մոտ օրերս այդ հարցը կլուծվի։
«Բայց շահառուների հետ կապված խնդիրներ, իմ կարծիքով, չպետք է առաջանային, որովհետև մենք բոլոր բուժհիմնարկներին տեղեկացրել ենք, որ իրենք պարտավոր են ստուգել շահառուների հասանելիությունը Արմեդ համակարգի միջոցով, և եթե իրենք սոցփաթեթի շահառու են, տրամադրեն իրենց հասանելիք ծառայությունները, հետագայում արդեն փոխհատուցման վերաբերյալ մենք իրենց կտեղեկացնենք»,- ասաց Սամվել Խարազյանը։
-Իսկ կա՞ն բուժհիմնարկներ, որոնք չեն պահպանում այդ կանոնը և չեն սպասարկում սոցփաթեթի շահառուներին։
-Մենք ստացել ենք որոշակի գրություններ, դիմումներ քաղաքացիներից, բայց բուժհիմնարկներին ևս մեկ անգամ տեղեկացրել ենք, որ իրենք պարտավոր են բուժօգնությունը տրամադրել։ Ամեն դեպքում, բողոքները համարյա հատուկենտ են դարձել, գրեթե չկան։
-Իսկ ժամկետ կա՞ր, թե մինչև երբ պետք է կնքեիք այդ պայմանագրերը ապահովագրականների հետ և որքա՞ն եք շեղվել այդ ժամկետից։
-Կառավարության որոշմամբ սահմանված է մինչև հունվարի 31-ը։ Բայց էականը դա չէ, կարևորը, որ համաձայնության գանք։ Համաձայնության գալուց հետո, բնականաբար, էդ բոլոր պարտավորությունները այս կամ այն կողմը կատարելու է։ Այսինքն՝ դա էդքան կարևոր չէ, կարևորը, որ մեր շահառուներն այդ ծառայությունները ստանան։
-Իսկ հատկապես ի՞նչ թվի շուրջ չեք կարողանում համաձայնության գալ։
-Դե, կոնկրետ մանրամասներ չեմ ուզում նշել, դա էդքան էական չէ էս պարագայում։
-Եկեք, ուրեմն, ես նշեմ մանրամասները․ ես զրուցել եմ Հայաստանի ապահովագրողների միության խորհրդի նախագահ Արմինե Մելքոնյանի հետ, և նա ինձ ասել է, որ ՊԱԳ-ի տրամադրած հաշվարկներով՝ նախատեսված ապահովագրավճարները 940 միլիոն ՀՀ դրամով պակաս են 2024թ․ կրած վնասները փոխհատուցելու և 2025թ․ պայմանագիրը սպասարկելու համար։ Եվ հիմա դուք այս թվի շուրջ համաձայնության չեք գալիս, որովհետև այս տարվա հաշվարկով պետք է 940 մլն դրամի չափով ավել լինի գումարը, բայց նախարարությունը չի ուզում այդքան գումար վճարի ապահովագրականներին։ Ի՞նչ կասեք այս մասով։
-Ես թվերի մեջ չեմ ուզում տենց մտնել, ուղղակի Ձեզ ասեմ, որ ապահովագրական ընկերությունների տնօրենների հետ ևս մեկ անգամ հանդիպում է տեղի ունեցել օրերս, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ հաշվի առնելով նաև իրենց կողմից բարձրացված մտահոգությունները և հարցերը, և մենք իրենց արդեն առաջարկն ուղարկել ենք, սպասում ենք իրենց արձագանքին։
-Այդ առաջարկն այդ 940 մլն ավել տալու շրջանակո՞ւմ է, թե՞ դրանից պակաս է։
-Առաջարկն արդեն, գիտե՞ք, կոմերցիոն գաղտնիք է, ես չեմ ուզի մանրամասնել, թե ինչ առաջարկ է եղել և ինչ գումարի շրջանակներում, որովհետև ապահովագրական ընկերությունները բազմիցս խնդրել են՝ չհրապարակեք թվերը։
-Բայց իրենք հրապարակել են, և ես հնչեցրի իրենց հրապարակած այդ թվերը, հետևաբար Դուք էլ կարող եք հրապարակել։
-Դե, իրենք իրավունք ունեն հրապարակելու՝ դրանք իրենց թվերն են, բայց մենք իրենց թվերը հրապարակելու թույլտվություն չունենք։
-Լավ, այստեղ էականը թիվը չէ, այլ կարո՞ղ եք ասել՝ ձեր ուղարկած առաջարկն արդյոք ծածկո՞ւմ է իրենց նշած այդ վնասաբերությունը և նվազեցնո՞ւմ է այդ ռիսկը, թե՞ ոչ։
-Մեր առաջարկը հիմնված է իրենց հետ այդ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վրա, այսինքն՝ նաև դրանց լուծումները հաշվի առնելով։ Հիմա էդ առաջարկը մենք իրենց ներկայացրել ենք, եկեք սպասենք իրենցից արձագանքի։
-Ասում եք՝ դուք եք առաջարկել, բայց մի քանի օր առաջ ինձ հետ զրույցում Արմինե Մելքոնյանը պնդում էր, որ իրենք նախարարությունից այդ պահի դրությամբ որևէ առաջարկ չէին ստացել։ Դուք ե՞րբ եք ուղարկել այդ առաջարկը։
-Այսօր ենք ուղարկել այդ առաջարկը։ Բայց դրանից առաջ էլ են առաջարկներ ուղարկվել՝ դեռ հունվարին։ Այսինքն՝ առաջարկներ պարբերաբար ուղարկվել են, և վերջինը էսօր է եղել։
-Իսկ ինչի՞ց առաջացավ այս խնդիրը, որովհետև բյուջեում գումա՞ր չկար, թե՞ ապահովագրականների ներկայացրած թվերի հետ համաձայն չէիք և չէիք կարողանում ընդհանուր հայտարարի գալ։
-Երևի թե երկուսն էլ։ Երևի տեղյակ եք, որ առողջապահության բյուջեն նախորդ տարվա համեմատ ոչ միայն աճ չի ունեցել, այլ հակառակը՝ կրճատվել է, և մենք մի շարք միջոցառումներ ունենք՝ այս օֆերտայի ներդրմամբ պայմանավորված, դիմելության աճով և այլն, և մենք հիմնականում այդ միջոցառումներին ենք փորձելու ուղղել բյուջեն։ Իսկ սոցփաթեթի ծրագրի մասով ուղղակի դիմելիության կանխատեսումներ, որպես այդպիսին, ավելացման տեսանկյունից չենք դիտարկել, քանի որ դա որոշակի խումբ է, որի վերաբերյալ բավարար չափով տեղեկատվություն մենք ունենք, սա արդեն յոթերորդ տարին է՝ իրենց կողմից է իրականացվում, ու այդ դիմելիության ցուցանիշները չեն փոխվել։ Հիմա այդ փոփոխությունը տեղի է ունեցել, ու մենք էլ փորձում ենք հիմա ապահովագրական ընկերությունների հետ միասին հասկանալ դրա պատճառները, գնահատենք և այլն, ինչի համար ժամանակ է պետք։
-Այսինքն՝ ձեզ համար անակնկա՞լ է եղել, որ անցյալ տարի ապահովագրականների վնասաբերությունը մեծ է եղել։
-Իհարկե անակնկալ էր, այո։
Վահե Մակարյան