ԱՆ-ն ստում է․ Սոցփաթեթի շահառուները զրկվել են առողջության ապահովագրությունից

ԱՆ-ն ստում է․ Սոցփաթեթի շահառուները զրկվել են առողջության ապահովագրությունից

Մենք գրել էինք, որ առողջապահության նախարարությունն առողջության ապահովագրության համար պայմանագրեր չի կնքել ապահովագարական ընկերությունների հետ, ինչի պատճառով էլ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց պետությունը օրենքով տրամադրում է առողջության ապահավոգրություն սոցփաթեթի շրջանակներում փաթեթներ, այս պահի դրությամբ հնարավորություն չունեն դրանցից օգտվելու։

Նախարարությունից այս թեմայով մեզ պարզաբանեցին հետևյալը․ «Սոցփաթեթի շահառուների սպասարկման պայմանագրի փաթեթ ենք ներկայացրել, առաջարկներ ենք արել, սպասում ենք պատասխանին»։

MediaHub-ն այս թեմայով մի քանի հարց է ուղղել Հայաստանի ապահովագրողների միության խորհրդի նախագահ Արմինե Մելքոնյանին՝ հասկանալու, թե ի՞նչ խնդիր է և ինչպե՞ս են իրենք պատրաստվում արձագանքել նախարարության առաջարկներին։

-Տիկին Մելքոնյան, ճի՞շտ է, որ Առողջապահության նախարարությունը ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրեր չի կնքել:

-Այո, ճիշտ է, 2025թ․ փետրվարի 4-ի դրությամբ՝ Առողջապահության նախարարությունը և ապահովագրական 5 ընկերությունները («Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Լիգա Ինշուրանս», «Սիլ Ինշուրանս», «Ռեգո Ինշուրանս») չեն կարողացել բոլոր կողմերի համար ընդունելի լուծման հասնել։

-Ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը այս պայմաններում:

-Ապահովագրական 5 ընկերություններն արդեն գրավոր առաջարկ են ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ 2025թ․ Պետական առողջապահական գործակալության կողմից ուղարկված ապահովագրավճարների հաշվարկներում ներառված չեն կարևոր ցուցանիշներ։ Պետական բյուջեով 2025թ․ համար նախատեսված միջոցները գրեթե 600 միլիոն ՀՀ դրամով ավելի քիչ են պլանավորվել, քան անհրաժեշտ է հաջորդ տարվա համար ուղենիշային վնասաբերության սահմաններում պայմանագիրը սպասարկելու համար։ ՊԱԳ-ի տրամադրած հաշվարկներով՝ նախատեսված ապահովագրավճարները 940 միլիոն ՀՀ դրամով պակաս են 2024թ․ կրած վնասները փոխհատուցելու և 2025թ․ պայմանագիրը սպասարկելու համար։ Դեռ նախորդ տարի ակնհայտ էր, որ 2025թ․ սոցիալական փաթեթների ֆինանսավորման համար միջոցների ավելացման անհրաժեշտություն կա, մինչդեռ անհրաժեշտ միջոցների փոփոխություն 2025թ․ համար գրեթե չի եղել։ Ապահովագրական ընկերությունները չեն կարող կնքել պայմանագրեր, որոնց հետևանքով շարունակաբար միայն վնասներ են կրելու և գերծախս են կատարելու։

Մենք դիմել ենք առողջապահության նախարարությանն ու խնդրել հնարավորինս սեղմ ժամկետում քննարկումներ կազմակերպել՝ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու համար։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու քննարկումներին, ներկայացնելու անհրաժեշտ հաշվարկներ և հիմնավորումներ։

-Նախորդ տարիներին ինչպե՞ս է եղել, և արդյոք նախկինում եղե՞լ են դեպքեր, որ նախարարությունը պայմանագիր չկնքի կամ ուշացնի կնքելը:

-Նախկինում դեպքեր եղել են, երբ հաշվարկների ճշգրտությունը ստուգելու համար ուշացվել է պայմանագրերի կնքումը, սակայն բուժհաստատությունները սպասարկել են շահառուներին, որից հետո փոխհաշվարկներ են արվել ապահովագրական ընկերությունների հետ։

-Ճի՞շտ է, որ նախարարությունից առաջարկներ են ներկայացվել ապահովագրականներին և սպասում են ձեր պատասխանին: Ի՞նչ առաջարկներ են դրանք և ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել դրանց:

-Ո՛չ, մինչ այս պահը ապահովագրական ընկերությունները նախարարությունից որևէ առաջարկ չեն ստացել, ավելին՝ նաև մեր առաջարկը՝ սեղմ ժամկետում քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ, ևս դեռևս արձագանք չունի։

Հ․Գ․ Հարցազրույցից պարզ է դառնում, որ առողջապահության նախարարությունը ոչ միայն բժշկական կենտրոններին է պարտք ու մինչ օրս այդ պարտքը չի տվել, ինչին MediaHub-ն անդրադարձել է քանիցս, նաև ապահովագրականների հետ այս պահին ֆինանսական հարցեր ունի, որոնք չի լուծում։ Բացի այդ, Արմինե Մելքոնյանի պատասխանից պարզ դարձավ, որ նախարարությունից ստում են, թե առաջարկներ են ներկայացվել ապահովագրականներին, մինչդեռ մեզ տրված պատասխանում ասվում է, որ մինչ այս պահը ապահովագրական ընկերությունները նախարարությունից որևէ առաջարկ չեն ստացել։

Վահե Մակարյան