Ես կարծում եմ՝ այո, իմ գրառումների համար են ինձ ազատել և իմ բաժինը լուծարել․ Մալոյան

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի» (ԿԶՆԱԿ)-ի Վերապատրաստման ծրագրերի մշակման եւ վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժինը օրերս լուծարել են։ Կարծիք կա, որ այդ բաժինը, որը ղեկավարում էր Արման Մալոյանը, լուծարել են հենց Մալոյանի՝ պատմության դասագրքի վերաբերյալ հրապարակային հայտնած կոշտ դիրքորոշման և քննադատության պատճառով։ Իսկ Մալոյանը կետ առ կետ փաստարկներով ֆեյսբուքյան իր էջում քննադատել է Հայոց պատմության յոթերորդ դասարանի դասագրքում տեղ գտած խնդիրները, թերացումներն ու փաստական տվյալների խեղաթյուրումները։
Ու թեև ԿԶՆԱԿ-ից փորձել էին հերքել, որ տվյալ բաժնի լուծարումը կապ չունի բաժնի պետի գրառումների հետ, բայց ինքը՝ Արման Մալոյանը, MediaHub-ի հետ զրույցում չբացառեց, որ հենց իր քննադատական գրառումներն են եղել իր բաժնի լուծարման և իր ազատման պատճառը։
«Ես կարծում եմ, որ այո, ամենայն հավանականությամբ՝ այո»,- ասաց նա։
-Այսինքն՝ փորձել են ազատվե՞լ Ձեզանից կամ լռեցնել։
-Այո, հարցը երևի այդ ճանապարհով ավելի հեշտ լուծելու տարբերակ է։
-Իսկ իրավական հիմքեր ներկայացրե՞լ են, թե ինչու են լուծարում Ձեր բաժինը։
-Իրավական հիմքեր ներկայացրել են, երեկ փոխնախարարի՝ Արաքսյա Սվաջյանի հետ հանդիպում էր, և քանի որ ծանուցման մեջ նշված էր, որ այլ համապատասխան աշխատանք չկա, գործատուի մոտ Ձեզ այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը բացակայում է, ըստ այդմ՝ սույնով ծանուցվում ենք առ այն, որ մարտի 27-ից ազատվում ենք մեր զբաղեցրած պաշտոնից։
-Իսկ չե՞ն ասել՝ ինչու են լուծարում։
-Դե, օրենսդրության հղմամբ ներկայացված է, որ կապված է աշխատանքի ծավալների և կամ տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հետ՝ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետի համաձայն։ Իրենք նշել են, որ դեկտեմբերի 12-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է հիմնադրամի նոր կառուցվածքը, և հիմնադրամի նոր կառուցվածքում մեր բաժինը լուծարվել է։
-Իսկ Դուք փոխնախարարին ասացի՞ք, որ Ձեր կարծիքով՝ Ձեր բաժինը լուծարում և, ըստ այդմ, Ձեզանից վրեժ են լուծում հենց Ձեր գրառումների համար։
-Չէ, որովհետև մամուլում այդ հրապարակումներն եղել են, և տիկին Սվաջյանն էլ տեղյակ էր էդ ամեն ինչին, և պահանջում էր, որ նախարարության համակարգում աշխատողը (նկատի ունի ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանին) պաշտպանի նախարարության վարած քաղաքականությունը, ռեֆորմները։ Բայց անմիջական դասագրքի թեման չի արծարծվել հանդիպմանը։
-Իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք ինչ-որ կերպ վիճարկել ձեր բաժինը լուծարելու և Ձեզ աշխատանքից ազատելու հիմքերը, որովհետև նմանատիպ նախադեպ կա, երբ կառուցվածքային փոփոխությունների անվան տակ ինչ-որ վարչություն, բաժին լուծարել են, և հետո դատական կարգով տվյալ պաշտոնյաները վերականգնվել են իրենց աշխատանքին կամ ստացել են փոխհատուցում, քանի որ պարտավոր էին գոնե համարժեք աշխատանք առաջարկել։
-Դե, հիմա էդ համարժեք աշխատանքը չկա, այստեղ էլ նշել են, որ չունեն, բայց ես Սվաջյանի մոտ բարձրացրի այդ հարցը, և պարտավորվեց գործատուն, որ ծանուցման բովանդակությունը փոխվելու է։ Հիմա մենք սպասենք նոր բովանդակությամբ ծանուցմանը, արդեն կլինի, որ մրցույթով է լինելու, և կարող ենք դիմել եղած հաստիքների համար։
Վահե Մակարյան