ՆԳՆ-ում «բարեփոխումներից» հետո կադրային ու ֆինանսական քաոս է սկսվել

ՀՀ Ներքին գործերի նախարարության ձևավորումից և կառուցվածքային փոփոխություններից հետո իսկական քաոս է սկսվել այնտեղ։ Ըստ շրջանառվող լուրերի` ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ` 2023-ի դեկտեմբերին որոշում է կայացվել, որ քաղաքացիական հատուկ ծառայության աշխատակիցների հաստիքները պետք է վերանվանվեն «քաղաքացիական ծառայողներ»:
Շատերին նախապես չեն ծանուցել, որ իրենց հաստիքը կրճատվում է, մի մասին առաջարկել են նոր հաստիքին անցնելու համար դիմում գրել, հարցազրույցի մասնակցել, որից հետո կշարունակեն կատարել այն գործառույթը, որը նախկինում են արել, սակայն հարցազրույցը բարեհաջող անցնելուց հետո, հաջորդ օրը անակնկալի են եկել, քանի որ իրենց քաղաքացիական ծառայողի աշխատանք են առաջարկել, բայց այլ վայրում կամ ստորաբաժանումում, իսկ կեսից շատերը, չունենալով համապատասխան բարձրագույն կրթության դիպլոմ, ստացել են ժամանակավոր փորձագետի աշխատանք:
Mediahub-ին ՆԳՆ-ից ևս ասացին, որ մի շարք վարչությունների և բաժինների աշխատակիցների առաջարկվել է նոր պաշտոն, որից մի մասը հրաժարվել է, որոշներն էլ մասնակցել են քաղծառայության մրցույթի և հաղթել, մի մասն էլ մրցույթը չի հաղթահարել ու գնացել է կադրերի ռեզերվ։
Մինչդեռ ՆԳՆ-ի մեր զրուցակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին, որ ներքին գործերի նախարարությունում կադրային և ֆինանսական քաոս է տիրում, և շունը տիրոջը չի ճանաչում. «Հարցազրույցը բարեհաջող հանձնել են, իրենց շնորհավորել են դրա համար, բայց հաջորդ օրը զանգել են և ասել, որ պատրաստվում են իրենց տեղափոխել մեկ այլ բաժին: Ներկա պահին էդ կա»:
Այժմ ՆԳՆ-ի կազմում են նախկին ԱԻՆ-ը, միգրացիոն ծառայությունն ու ոստիկանությունը:
Հունվարի վերջին այս խոշոր գերատեսչության աշխատակիցները կանգնել են փաստի առջև և չեն կարողանում աշխատավարձ ստանալ: Եթե նախկինում յուրաքանչյուր ստորաբաժանում ուներ իր հաշվապահին ու ֆինանսիստին, և նրանք էին կազմում հաշվետվությունները, հաշվարկում աշխատավարձներն ու վճարում դրանք ժամանակին, որը ոստիկանության համար սահմանված էր յուրաքանչյուր ամսվա 25-26-ը, ապա այժմ մեկ հոգի է կատարում ֆինանսական գործարքները` ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետը: Արդյունքում, մեկ հոգու ուսերին այդ գործառույթը դնելը իսկական խառնաշփոթ է ստեղծել ծառայողների և ոստիկանների միջև։
«Մարդիկ վարկեր ու պարտքեր ունեն, տուն են պահում և չեն կարողանում իրենց վճարումները կատարել ժամանակին»,- ասաց ՆԳՆ աշխատակից մեր զրուցակիցը։
Նշենք, որ դրսում ծառայություն իրականացնող ոստիկանները ևս դժգոհում էին, որ իրենց աշխատավարձերը պետք է ամսի 25-ին արդեն նստած լինեին իրենց հաշիվներին, սակայն մի քանի օր անցել է, չի նստել։ ՆԳՆ-ից Mediahub-ին ասացին՝ աշխատավարձերն ուշացումով, բայց արդեն փոխանցվել են։
Վահե Մակարյան