Սիրիայում ներքին բախումներ են սկսվել․ Ջարամանայում դրուզական համայնքը փորձում է իշխանություն հաստատել

Սիրիայում ներքին բախումներ են սկսվել․ Ջարամանայում դրուզական համայնքը փորձում է իշխանություն հաստատել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ներքին պառակտումներն ու լարվածությունը չեն դադարում։ Այս գիշեր Դամասկոսի Ջարամանա շրջանում բախումներ են սկսվել տեղի ազգային փոքրամասնություն համարվող դրուզների համայնքի, մյուս կողմից՝ Դամասկոսի կենտրոնական բանակային ուժերի միջև։

«Ամեն բան վերահսկելի է առայժմ, սակայն չի բացառվում, որ հակառակ պատկերը լինի։ Ներքին բախումները հրահրվում են այն պահին, երբ Սիրիան երկարատև պատերազմից հետո փորձում է կարգավորել իր դիրքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց սիրիացի հասարակական գործիչ Սևան Ճապաղջուրյանը։ 

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ դրուզական համայնքի ներկայացուցիչը հայհոյանքներ է հնչեցրել Մոհամմադ Մարգարեի հասցեին։ 

«Այդպես, ուշ գիշերին բախումներ է սկսվել 2 կողմերի միջև, որը շարունակվում է առ այս պահը։ Ջարամանայում հիմա շատ լարված պահ է, նույնիսկ քաղաքի այդ հատված ելումուտ չեն անում քաղաքացիները, ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ, տեղացի մարդիկ շատ զգույշ են, քանի որ հենց Ջարամանայում մեծամասամբ ապրում են դրուզները, քիչ չեն նաև հայերը։ Դրուզական համայնքի նպատակը այդ շրջանի մեջ ինքնիշխանություն հաստատելն է»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Եթե Ջարամանա շրջանում դրուզները շարունակեն այսպես կոչված իշխանություն հաստատել, ապա Սիրիայում հավանական է ներքին պառակտման ևս մեկ շարժում ավելանա, որից, ըստ Ճապաղջուրյանի, շահելու է միայն Իսրայելը։ 

Նշենք, որ մոտ 4 ամիս է, ինչ իսրայելական բանակը հսկողություն է հաստատել Սիրիայի Հերմոն լեռան վրա և 15 կմ լայնությամբ անվտանգության գոտի է պահպանում Սիրիայի հարավում:

Հունան Թադևոսյան