Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացվել են

Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացվել են

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​ Հանրապետության (ԿԺԴՀ) ութ ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների նկատմամբ. այդ մասին հաղորդվում է Եվրոպական խորհրդի կայքում։

Նոր ցուցակներում ներառված են անձինք, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցրել հրթիռային ծրագրի մշակման հետ կապված հաստատություններում, ինչպես նաև անձինք և կազմակերպությունները, որոնք ներգրավված են պատժամիջոցներից խուսափելու գործողություններում, որոնք կարող են միջոցներ հայթայթել անօրինական զենքի ծրագրերի համար:

Սահմանափակիչ միջոցները ներառում են դեպի Եվրամիություն մեկնելու արգելք, ակտիվների սառեցում և պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրելու արգելք։

«ԵՄ-ն վճռական է կանխելու բաղադրիչների, ֆինանսների և գիտելիքների հոսքը, որոնք ԿԺԴՀ-ն կարող է օգտագործել՝ աջակցելու իր զենքի ապօրինի ծրագրերի զարգացմանը: ԵՄ-ն կոչ է անում ԿԺԴՀ-ին դադարեցնել իր ապակայունացնող գործողությունները, հարգել միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունները և վերսկսել երկխոսությունը համապատասխան կողմերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։