Թույլ չենք տալու՝ իշխանությունները գնան նոր զիջումների․ Արթուր Վանեցյան
Այս իշխանություններն ապացուցել են, որ մշտապես պայմանավորվածություններ են ձեռք բերում ժողովրդի թիկունքում, բայց չեմ կարծում, որ վաղը որևէ փաստաթուղթ կստորագրվի։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ հավանական է, որ վաղը ստորագրվելիք փաստաթղթի կետերի մասին կխոսեն։
«Սպասենք և տեսնենք՝ ինչ է լինելու։ Ամեն դեպքում, այսօրվա հանրահավաքը հենց դրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ հայ ժողովրդի, Արցախի ու Հայաստանի անունից, և այսօր հավաքված մարդկանց քանակը դրա մասին է խոսում»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե ի՞նչ է անելու ընդդիմությունը, որ քաղաքացիները ևս մեկ անգամ չհիասթափվեն ու չմտածեն, որ ընդդիմությունը մարդկանց հավաքում, ապա ուղարկում է տուն, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ ասելով, որ պետք է հասկանալ՝ ՀՀ-ի և Արցախի քաղաքացիները պետք է որոշեն իրենց ապագան։
«Քաղաքացին ինքը պետք է որոշի՝ պատրա՞ստ է Արցախից հրաժարվելուն, պատրա՞ստ է նոր զիջումների։ Եթե ժողովուրդը կամք ցուցաբերեց, դուրս եկավ փողոց և իր վճռական խոսքն ասաց, ընդդիմությունը լինելու է այն ուժը, որ կհամակարգի բոլոր գործողությունները»,- նշեց նա։
Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը պատրաստ է անել այն, ինչ իրենից ակնկալում է ժողովուրդը։
«Ժողովրդից խնդրում ենք մի բան՝ անջատել հեռախոսի ուղիղ եթերները և դուրս գալ փողոց, գալ ու այստեղ կանգնել»,- ասաց նա։
Այլ գործողություններ կլինեն, թե ոչ, ըստ Արթուր Վանեցյանի՝ ժամանակը ցույց կտա։
«Ես մշտապես ասել եմ, որ ընդդիմությունն անթերի չէ, բայց այս ընդդիմության միակ դադարը եղել է պատերազմի ընթացքում, այսինքն՝ այդ ժամանակ մենք հանդես եկանք միասնական ճակատով»,- ասաց նա։ Արթուր Վանեցյանը շեշտեց՝ թույլ չեն տալու իշխանություններին գնալ նոր զիջումների։