ԼՂ իրավիճակը կտրուկ փոփոխություններ է ապրում․ կարևոր է մեծ խաղացողների դերը․ Ռուսակովիչ

Առաջիկա օրերին կորոշվի Լեռնային Ղարաբաղի համար առաջարկվող միջազգային դիտորդական առաքելության ձևը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Ալիևն ասաց, որ կընդունի միջազգային դիտորդական առաքելությունը Ղարաբաղում»,- ասել է նա։
Ի՞նչ կլինի ռուս խաղաղապահների հետ և ինչպե՞ս Մոսկվան կփորձի չզիջել իր դիրքերը։ Այս հարցերին MediaHub-ի հետ զրույցում պատասխանել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջազգային հարցերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Ռուսակովիչը։
«Լեռնային Ղարաբաղի իրավիճակը կտրուկ փոփոխություններ է ապրում և այդ փոփոխությունների դինամիկայի աստիճանը բավականին բարձր է ու մեծ խաղացողների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի և ԵՄ-ի մոտեցումը այս հարցին պետք է արտացոլվի իրավիճակի ողջ լրջությամբ։ Կարծում եմ՝ արտաքին խաղացողները պետք է չխախտեն ուժային բալանսը, քանի որ բալանսի փոփոխությունը նոր աղետներ կբերի։ Այս ամենի մեջ ամենակարևորը՝ պետք է հաշվի առնել հայ բնակչության կողմնորոշումը, քանի որ նրանք գտնվում են բարդագույն իրավիճակում»։
Վերլուծելով իրավիճակը՝ Ռուսակովիչը նշեց, որ դիտորդական առաքությունը պետք է համատեղել ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնությունը պետք է շատ հստակ լինի այդ հարցում։
Հարցին, թե Թուրքիային զսպելու ինչ գործիքներ կան և ինչպես կամ ով կարող է կանխել Թուրքիայի առաջխաղացումը տարածաշրջանում, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Վերջին տարիներին Թուրքիան իսկապես շատ է ամրացրել իր դիրքերը և դեռ կշարունակի նույն կերպ ավելացնել իր ազդեցությունը։ Հենց դրա մասին է խոսում վերջին բոլոր իրադարձություններին Թուրքիայի մասնակցությունը, սակայն թուրքական ազդեցությանը կճնշի Ռուսաստանը և, ըստ իս, Ռուսաստանն ունի ահռելի մեխանիզմներ և՛ քաղաքական և՛ տնտեսական և՛ դիվանագիտական ոլորտներում։ ԵՄ-ն, ԱՄՆ-ն, իհարկե, ունեն իրենց շահերը տարածաշրջանում և կփորձեն տարբեր մեխանիզմներով իրենց շահերն էլ առաջ բերել»,- ընդգծեց զրուցակիցը։
Ամփոփելով Ռուսակովիչը նշեց՝ նոր իրավիճակում, որը հենց այս պահին ձևավորվում է տարածաշրջանում շատ կարևոր է, որ տարածաշրջանի հիմնական մասնակիցները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, կառուցեն իրենց ուրույն տարածաշրջանային օրակարգը առավել պրագմատիկ որոշումներով, և դրանից էլ ավելի չի աճի Թուրքիայի ազդեցությունը կամ ցանկացած այլ մեծ խաղացողի՝ ևս։