Ալիևի դեմարշը

Ալիևի դեմարշը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է կայանար Փաշինյանի հետ իր հանդիպումը ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ:

Պատճառը Ֆրանսիայի դիրքորոշումն է, ինչպես նաև Էրդողանի հանդիպմանը մասնակցելու Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը։
Այսպիսով, Գրանադայի վաղը նախատեսված հնգակողմ բանակցությունները տեղի չեն ունենալու՝ չնայած Շառլ Միշելն ու եվրոպական մյուս պաշտոնյաները լավատեսական նոտաներով սպասում էին դրան:

Գործ ունենք Ալիևի դեմարշի հետ: Առիթ միշտ էլ կգտնվեր, այստեղ սկզբունքայինն այն է, որ Ադրբեջանի նախագահը Գրանադա մեկնելու մոտիվացիա առանձնապես չունի:
Ալիևը կարողացավ Փաշինյանին քաշել, այսպես կոչված, բրյուսելյան գործընթացի ծուղակ, և այդ գործընթացից ստացավ առավելագույնը, այսինքն՝ լեգիտիմացրեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը:

Այլ խոսքով, Ալիևը եվրոպական հարթակից ստացել է առավելագույնը, հիմա նրա առաջնահերթությունը տրանսպորտային հաղորդակցությունն է կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը:
Այս հարցում Ալիևի հիմնական խոսակիցներն, անշուշտ, Էրդողանն ու Պուտինն են, ինչի հետևանքով էլ վերացել է Ալիևի՝ Գրանադա մեկնելու մոտիվացիան:

Վահրամ Բագրատյան