Պուտինի բացահայտումները

Պուտինի բացահայտումները

«2022թ. Պրահայում Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության մաս, ավելին, ՀՀ ղեկավարները ուղիղ անվանել են Ադրբեջանի տարածքը քառակուսի կմ-ով։ Ըստ էության, դրանով լուծվել է ամենագլխավոր հարցը` Ղարաբաղի կարգավիճակը»,- երեկ «Վալդայ» ակումբում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ասել, թե Պուտինը նորություն է բացահայտել՝ անկեղծ չի լինի: Այս միտքն արդեն ամիսներ շարունակ հնչեցնում են Ռուսաստանի իշխանության առանցքային դեմքերը և բացի այդ՝ Ռուսաստանի նախագահի այս պնդումը շատ մոտ է իրականությանը:

Ի վերջո, Պրահայի հայտարարությունը շրջադարձային էր, այն փոխեց Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոն, ԼՂ խնդիրը դարձրեց Ադրբեջանի «ներքին հարց» ու ապալեգիտիմացրեց ռուսական խաղաղապահ առաքելության առանց այն էլ խախուտ մանդատը:
Այս հարցում պատասխանատվությունը Փաշինյանի ուսերին է ու այստեղ դժվար է վեճ ունենալ Պուտինի հետ:

Մյուս կողմից, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության օրերին ռուսական խաղաղապահ առաքելության անգործությունը, երբ էթնիկ զտումների ենթարկվեց ԼՂ ժողովուրդը, կալանավորվեց Արցախի ռազմա- քաղաքական էլիտան, բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնք հասցեագրված են հենց Մոսկվային:
Բայց գանք հիմնական հետևությանը՝ Փաշինյանը չպետք է ցուցաբերեր այնպիսի անպատասխանատու վարքագիծ, որն ալիբի դառնար Մոսկվայի համար՝ իր քաղաքականության պատասխանատվությունը Երևանի փխրուն ուսերին թողնելու համար:

Վահրամ Բագրատյան