Պապ թագավորը կռիվ է գցել Հայկ Մարությանի թիմում

Երևանի կենտրոնական Ամիրյան փողոցի անվանափոխության հարցը շարունակում է մնալ ակտիվ քննարկումների կիզակետում։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներից մեկը՝ Հայկ Գրիգորյանն առաջարկել է, որ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի անունը կրող փողոցն այսուհետ կրի Պապ թագավորի անունը, որն ի դեպ, որպես ղեկավար Նիկոլ Փաշինյանի կուռքն է։
Ինչևէ, մեր տեղեկություններով, այս նախագիծը դժգոհություններ է առաջացրել ոչ միայն երևանցիների շրջանում, այլ նաև խմբակցության անդամների մոտ։ Կարելի է ասել՝ Պապ թագավորը «կռիվ է գցել» Հայկ Մարությանի թիմում:
«Դեռևս խմբակցության նիստ չի եղել, և չենք քննարկել՝ ազատ քվեարկություն է լինելո՞ւ, թե՞ խմբակցությունն ընդհանուր դիրքորոշմամբ է հանդես գալու»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց խմբակցության ավագանու անդամներից Իզաբելլա Աբգարյանը։
Նա նշեց, որ սա ոչ թե խմբակցության, այլ խմբակցության անդամներից մեկի առաջարկած օրակարգն է, ու բնական է, որ խմբակցության ներսում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։
«Անձամբ ես ուզում եմ ձեռնպահ քվեարկել, քանի որ նման հարցերը պետք է բնակիչների հետ քննարկելով ու նրանց կարծիքը հաշվի առնելով լուծվեն։ Մենք արդեն ունենք օրինակ, որ տարիներ առաջ հենց Ամիրյան փողոցն անվանակոչվել է Վռամշապուհ արքայի անունով, ապա հետ է կանչվել այդ նախագիծը, հիմա էլ կարող է նույնը լինել։ Ես կարծում եմ, որ Ամիրյանն այն մարդը չէ, ում անունով պետք է կոչվի կենտրոնական փողոցներից մեկը, բայց նաև համամիտ չեմ, որ առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու նման փոփոխություն լինի»,- նշեց Աբգարյանը։
Հարցին, թե արդյո՞ք հիմա նման նախագծեր բերելու և քննարկելու պատեհ պահն է, Աբգարյանն արձագանքեց՝ իսկ ե՞րբ է այդ պատեհ պահը։
«Այդպես եթե նայենք, շատ հարցերի ժամանակն այդպես էլ կարող է չգալ։ Այլ նախագծեր էլ կան օրակարգում, այսինքն՝ բոլոր խնդիրներին էլ անդրադարձ արվում է»,- ասաց ավագանու անդամը։
Տեղեկացնենք, որ Ամիրյան փողոցի անվանափոխության հարցը ներառված է ավագանու առաջիկա նիստի օրակարգում։
Նարե Գնունի