Ի՞նչ է իրենից ներկայացնում սահմանազատման կանոնակարգը, որո՞նք են կարևոր կետերը, և ե՞րբ այն կմտնի ուժի մեջ

Գործադիրն այսօր վավերացրեց 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը:
Այն հետո պետք է մտնի նաև Սահմանադրական դատարան՝ որոշելու փաստաղթղթի համապատասխանությունը Սահմանադրությանը։
Կանոնակարգը բաղկացած է յոթ հոդվածից, որոնցից հատկապես ուշագրավ են մեջտեղի որոշ հոդվածներ ու կետեր։ Սկզբի և վերջին հատվածներն ավելի շատ տեխնիկական-արձանագրային բնույթ ունեն։
Մասնավորապես, Կանոնակարգի հոդված 2-ի 1-ին կետով սահմանվում է, որ սահմանազատման գործընթացում հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը, ինչպես նաև բոլոր նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերը։
Նույն հոդվածի երկրորդ կետով էլ սահմանվում է, որ հանձնաժողովները համաձայնեցված կազմակերպում և վերահսկում են տիեզերալուսանկարահանման և օդալուսանկարահանման, գեոդեզիական, կադաստրային և քարտեզագրական աշխատանքների իրականացումը, տեղանքում սահմանագծի անցման հատվածների տեղազննման և հետազոտման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև սահմանազատման իրականացման հետ կապված այլ աշխատանքների կատարումը։
Իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 3-րդ մասով ամրագրված է նաև, որ սահմանազատման քարտեզի վրա հայկական աշխարհագրական անվանումներն ադրբեջաներենով և ադրբեջանական աշխարհագրական անվանումներն հայերենով արտացոլելու կարգի մասին ուղեցույցը։
Հոդված 3-ի 2-րդ կետով էլ սահմանվում է, որ սահմանազատման աշխատանքներն իրականացվում են պարիտետային հիմունքներով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հանձնաժողով ծախսերը հոգում է ինքնուրույն։ Հատուկ դեպքերում ծախսերի հարցը ենթակա է առանձին համաձայնեցման։
Կանոնանակարգի 4-րդ հոդվածն այն մասին է, որ սահմանազատման աշխատանքներ իրականացնելիս հանձնաժողովները կարող են դիտարկել սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ, նաև ապահովել սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակիչների համար իրենց ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծումը, պաշտամունքային նշանակության օբյեկտների, գերեզմանատների, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը, ոլորապտույտ գծերի ուղղումը և ոչ միայն։
Իսկ վերջին՝ 7-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ սույն Կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը և գործում է մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը։
Վահե Մակարյան