Արցախցիների անձնագրերը ճամփորդական են․ Արմեն Ղազարյան

Արցախցիների անձնագրերը ճամփորդական են․ Արմեն Ղազարյան

Մենք ունենք հատուկ ծառայություն, որը զբաղվում է ՌԴ մուտքի արգելք ունեցող մեր քաղաքացիների դիմումներով։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ինչ վերաբերում է վարորդական իրավունքների հետ կապված որոշումը չերկարացնելու հետ, ըստ որի՝ ՀՀ-ում ստացված վարորդական իրավունքի վկայականներով քաղաքացիները կարող են վարել, ապա Ղազարյանը նշեց՝ նման դիմումներ չեն ստացել։

«Դա իմ լիազորությունների տիրույթից դուրս է»,- նշեց նա։

Մեկ այլ հարցի, թե քանի՞ արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, Ղազարյանը չպատասխանեց՝ նշելով, որ տվյալներ դեռևս չունի։

Նա չգիտեր նաև, թե քանի արցախցի է լքել ՀՀ-ն։

Ինչ վերաբերում է Հայաստանում օր օրի շատացող օտարազգիներին, ապա նա հստակեցրեց․ 

«ՀՀ-ում օտարերկրացիները կարող են կացության կարգավիճակ ստանալ մի շարք հիմքերով՝ աշխատանք, կրթություն, ձեռնարկատիրական աշխատանք։ Պետական խրախուսում չկա նրանց բերելու համար»։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի դիտարկմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց այժմ արտահերթ են ընդունում, քաղաքացիության համար դիմածներն էլ հատուկ ընթացակարգով են անցնում՝ որքան հնարավոր է արագացված։

«Փախստական ճանաչված անձանց կարգավիճակի տրամադրումն իրականացվում է կոլեկտիվ կերպով, օրենքն այդ տրամաբանությունն է նախատեսում։ Կարգն առանձին կերպով հաստատում է Կառավարությունը։ Եվ ճամփորդական անձնագրերի ժամկետները երկարաձգելու համար, որոնք գտնվում են ԼՂ-ից եկած անձանց մոտ, նրանք ևս  կարող են դիմել անձնագրային»,- նկատեց նա։

Դիտարկմանը, որ այդ «ճամփորդական անձնագրերով» մարդիկ 2021 թվականին մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, Արմեն Ղազարյանն արձագանքեց․ 

«Այդ փաստաթղթերն այս փուլում չեն հայտարարվել ճամփորդական։ Դրանք քաղաքացիություն չեն կարող հաստատել»։