Այսօր Էրդողանն է «գրողի ծոցն» ուղարկում Փաշինյանին և ի դեմս նրա՝ ողջ հայ ժողովրդին․ Աշոտյան

Այսօր Էրդողանն է «գրողի ծոցն» ուղարկում Փաշինյանին և ի դեմս նրա՝ ողջ հայ ժողովրդին․ Աշոտյան

ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գործող իշխանությունները շարունակում են արատավոր և անբարո պրակտիկան՝ ցանկացած ձախողում սքողելու նպատակով զուգահեռներ տանելով, այսպես կոչված, նախկինների հետ:

Նիկոլի՝ Անկարա կատարած վերջին խայտառակ այցը ևս բացառություն չէ:

Իշխանական քարոզչամեքենան հրամցնում է իր դեռևս հավատարիմ հետևորդներին այն թեզը, որ նախկինում ևս, Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով մասնակցել են Թուրքիայի քաղաքական իրադարձություններին, որ «ֆուտբոլային դիվանագիտության» և այլ օրինակները դրա վկայությունն են:

Որտե՞ղ է իշխանությունը կրկին ստում:

Հայ-թուրքական նախկին և ներկայիս գործընթացներն ունեն մի շարք սկզբունքային, ճակատագրական, բարոյական տարբերություններ.

1. Հայ-թուրքական նախկին գործընթացը՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը», երկու հավասար կողմերի, երկու հավասար սուբյեկտների հարաբերությունների պրոցես էր, որի «կնքահայրը» միջազգային հանրության խոշոր խաղացողներն էին:

Դրա մասին է վկայում ոչ միայն տեսա- և լուսանկարահանումային քրոնիկոնը, որը լավագույնս է արտահայտում նախկինում և ներկայում եղած դաշտերի «քիմիաների» տարբերությունները, այլ նաև՝ այդ պրոցեսի բովանդակությունը:

2. Հայ-թուրքական նախկին գործընթացի ժամանակ

* Հայաստանը խայտառակ պարտություն չէր կրել:

* Այն չէր վավերացրել նույնքան խայտառակ ընտրությունների արդյունքում «վերընտրելով» պարտության պատճառ Նիկոլ Փաշինյանին:

* Հայ զինվորը կանգնած էր Հորադիզում, ոչ թե՝ Շուռնուխի ճանապարհին:

* Շուշիում Սպարապետի արձանն էր, ոչ թե ադրբեջանա-թուրքական դրոշներ:

* Ալիևը լալահառաչ տեքստեր էր արտաբերում առ այն, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե «ամնիստիա» առաջարկում։

3. Հայ-թուրքական նախորդ գործընթացի ժամանակ Թուրքիան թեպետ սրտի խորքում համակրում և աջակցում էր Ադրբեջանին, երբեք բացահայտ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական լկտի և ակնբախ միջամտություններ չէր անում Հարավային Կովկասում՝ հօգուտ Ադրբեջանի:

Որպես ապացույց հիշեցնեմ, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր ստորագրեց մի հայտարարության տակ, որը դատապարտում էր այդ պատերազմը և կոչ էր անում հրադադարի:

Այնինչ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչպիսի ակնհայտ և ցինիկ, բացահայտ միջամտություններ էր անում թուրքական ռեժիմը պատերազմի ընթացքում և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ քարոզչական իմաստներով:

4. Հայ-թուրքական նախորդ գործընթացի ժամանակ Թուրքիան այլ էր և՛ իր վարչակազմով, և՛ իր ներքին զարգացումներով:

Այնինչ՝ այսօր հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս ձևաչափում մենք գործ ունենք տարածաշրջանային էքսպանսիոնիստական նկրտումներ ունեցող վարչակազմի հետ, որը ճանաչում է միայն մեկ լեզու. դա ուժի լեզուն է:

Մինչդեռ մեզ ներկայացնող Նիկոլ Փաշինյանն իր լեզվով կարող է ցուցադրել ամեն ինչ, բացի ուժից:

5. Հայ-թուրքական նախորդ գործընթացի ժամանակ Թուրքիան երբեք չէր խոսում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝

* Պանթուրքիզմը նրանց երազանքն էր, բայց հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը չէր:

* ԱԳ նախարարները չէին ասում, որ «Զանգեզուրով պետք է անցնի թյուրքի ճանապարհը»:

6. Հայ-թուրքական նախորդ գործընթացը ոչ միայն չէր ստվերել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, այլ, ինչպես ցույց են տալիս պարզ վիճակագրությունն ու փաստերը, բազմաթիվ նոր երկրների կողմից ճանաչման լավ առիթ էր հանդիսացել:

Այնին՝ այսօր պետական չինովնիկների մակարդակով անգամ Հայաստանի ներսում խոսվում է այն մասին, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավարտվել է:

7. Հայ-թուրքական նախորդ գործընթացը նպատակ ուներ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերություններից:

Այնինչ՝ այսօրվա գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղակի շարունակությունն է կործանարար պատերազմից հետո իր բոլոր քայքայիչ հետևանքներով:

8. Հայ-թուրքական նախորդ գործընթացով Հայաստանը Թուրքիայի պատճառով չհասավ մաքսիմալ ծրագրին, սակայն դուրս եկավ գործընթացից գեոպոլիտիկ օգուտով՝ ապացուցելով գերտերություններին, որ հայ-թուրքական հարաբերությունների ճգնաժամը ոչ թե հայկական կողմի պատճառով է, այլ ՝ թուրքական նկրտումների:

Որպես ապացույց հիշեցնեմ ԱՄՆ Պետդեպի քարտուղար Հիլարի Քլինթոնի հայտնի խոսքերը, որ հայ-թուրքական հարաբերություններում գնդակը Թուրքիայի դաշտում է:

Այնինչ՝ այսօրվա գործընթացն ակնհայտորեն տեղի է ունենում ազգային կապիտալի վերջին արժեքների մսխմամբ և բացառապես ծառայում է թուրքական տարածաշրջանային էքսպանսիոն ծրագրերին՝ իրականացվելով հայ ժողովրդի ազգային արժանապատվության հաշվին:

Հ. Գ. Նախկինում Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» էր ուղարկում ստահոդ Թուրքիայի հնարավոր ստորագրությունները:

Այսօր Էրդողանն է «գրողի ծոցն» ուղարկում Նիկոլ Փաշինյանին և ի դեմս նրա ՝ ողջ հայ ժողովրդին:

Զգու՞մ եք տարբերությունը»։