Ադրբեջանն էլ և՛ Տավուշի մարզում, և' ՀՀ տարբեր հատվածներում տարածքներ ունի․ Տավուշի մարզպետ

Ադրբեջանն էլ և՛ Տավուշի մարզում, և' ՀՀ տարբեր հատվածներում տարածքներ ունի․ Տավուշի մարզպետ

Մեր մարզում վերջին շրջանում ոչինչ տեղի չի ունեցել, սահմանների փոփոխություն չի եղել, մարդիկ իրենց բնական կյանքով են ապրում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Ինչ վերաբերում է անկլավներին, որոնց մասին Նիկոլ Փաշինյանն է հրապարակային խոսել ու խոսում, Ղալումյանը նկատեց՝ դա գաղտնիք չէ, ամեն ինչ թափանցիկ է, ու այս պահին այդ մասով բանակցություններ չկան։

«Եթե նման բան լինի, տեղյակ կպահենք։ Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրպետություն տակ, Ադրբեջանն էլ և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում տարածքներ ունի։ Հարցը լուծվելու է սահմանագծման ու սահմանազատման ընթացքում։ Գյուղերի անունները չեմ կարող տալ»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ եթե գյուղեր անցնեն Ադրբեջանի հսկողության տակ, ապա մարդկանց համար սոցիալական խնդիրներ կառաջանան, Ղալումյանն արձագանքեց՝ ադրբեջանցիներն էլ այդ խնդիրն ունեն։

«Եթե խոսքը վերաբերում է խաղաղության պայմանագրին, մնացած հարցերը լուծելի են»,- նշեց Հայկ Ղալումյանը։

Նա նկատեց, որ անկլավները իշխանափոխությունից հետո չեն առաջացել, դրանք միշտ էլ եղել են։