Պուտինը պահանջել է դադարեցնել զենքի բոլոր մատակարարումները Ուկրաինային հրադադարի ժամանակ

Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել զենքի բոլոր մատակարարումները Ուկրաինային 30-օրյա հրադադարի ընթացքում, որը ԱՄՆ-ն առաջարկել է պատերազմող կողմերին, հայտնել են Bloomberg-ի աղբյուրները։
Ըստ նրանց՝ Պուտինն այս պահանջն առաջադրել է մարտի 13-ին Մոսկվա այցելած, ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆի հետ բանակցությունների ժամանակ։
Գործակալության աղբյուրները պնդում են, որ Պուտինը զինադադարի համաձայնագրի ստորագրման նախապայման է անվանել Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցումը։
Մոսկվայում Bloomberg-ի աղբյուրը հայտնել է, որ խոսքը մատակարարումների ժամանակավոր դադարեցման մասին է։ Դրանք կվերսկսվեն խաղաղ համաձայնագրի կնքումից հետո, որի շրջանակներում, Կրեմլի պլանի համաձայն, Ուկրաինան պետք է համաձայնի սահմանափակել իր ռազմական ներուժը։
Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ Մոսկվան ձգտում է ամբողջությամբ դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինային, սակայն Կրեմլի «նվազագույն նպատակն» է բանակցել ամերիկյան ռազմական օգնության դադարեցման շուրջ։