Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին ISNA գործակալության հետ հարցազրույցում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները երկրում վերջին անկարգությունների մասին, որոնց պատճառ է դարձել երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի մահը, ինչպես նաեւ Թեհրանի իշխանությունների մասին։
«Դեռեւս Իրանում վերջին իրադարձությունների սկզբից, ինչպես երեկ, շաբաթ օրը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն որերորդ անգամ իր հայտարարություններով աջակցել է Իրանում տեղի ունեցող անկարգություններին։ Ձեր սովորությունը պղտոր ջրում ձուկ որսալն է: Բայց հիշեք, որ սա Իրանն է»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով, իրանական իսթեբլիշմենտին բոլորովին չեն զարմացնում Վաշինգտոնի նման հայտարարությունները։ Քանաանին նշել է, որ ագրեսիան եւ երկրների ներքին գործերին միջամտությունը դարձել են ամերիկյան քաղաքականության հիմքը։