Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սեւ ցուցակում». «Հետք»

Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սեւ ցուցակում». «Հետք»

«Հետք»-ը գրում է․ Եվրահանձնաժողովը գոհ չէ ՀՀ քաղավիացիայի բարեփոխումներից, որոնք վերջինիս հնարավորություն կտային դուրս գալ Եվրամիության «սեւ ցուցակից»:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերությունները 2020-ի հունիսից գտնվում են ԵՄ «սեւ ցուցակում», ինչը նշանակում է, որ նրանք իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք: Պատճառը եվրոպական կողմի ստուգումների արդյունքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեում եւ մի շարք հայկական ավիաընկերություններում հայտնաբերված թերություններն էին, որոնք վերաբերում էին թռիչքային անվտանգությանը: Այսինքն՝ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների եւ դրանց վերահսկող ՀՀ ՔԱԿ-ի կողմից թռիչքային անվտանգության ապահովման թույլ մեխանիզմները ԵՄ-ին դրդել են ժամանակավորապես արգելք դնել ՀՀ ավիափոխադրողների մուտքի վրա, քանի որ ԵՄ-ն վերջիններիս դիտարկում է որպես թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող:

«Սեւ ցուցակը», որը պաշտոնապես կոչվում է «EU Air Safety List» կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ, բաղկացած է 2 հավելվածից: «A» հավելվածում այն ավիաընկերություններն են, որոնց գործունեությունը ԵՄ երկնքում ամբողջությամբ արգելված է, իսկ «B»-ում՝ նրանք, որոնց կոնկրետ օդանավերի մուտքն է արգելված:

Հայաստանն ընդգրկվել է «A» հավելվածում, այսինքն՝ արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը:

Ցուցակը վերջին անգամ թարմացվել է նոյեմբերի 23-ին, ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողները՝ 8 ավիաընկերություն, այդ ցուցակում են: