Կարող է իրավիճակ լիներ, որ երեխաներ ընդհանրապես հիմա Արցախում չլինեին․ Ալեն Սիմոնյան

Մենք մեր երեխաներին պարտավոր ենք խաղաղ երկիր թողնել։ Այդ մասին այսօր ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա խորհուրդն այդ ձևով պետք է հիշատակել, որպեսզի 15 տարեկան տղա երեխաների ծնողներն էլ չմտածեն, թե ինչ անեն, որ զավակները բանակ չգնան, որ տղաները ողջ մնան։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երեխաները խաղաղություն ունենան։ Ու այստեղ չպետք է արցախցի երեխաներին առանձնացնենք։ Երեխաներին պետք չէ տարբերակել, ամեն ինչ առաջին հերթին արվում է արցախցի երեխայի համար, որ նա խաղաղ ապրի։ Հիմա արցախցի երեխաները պաշտպանված չեն, և մեր բոլորի աշխատանքը դրան է ուղղված»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ արցախցի երեխային ի՞նչ խաղաղություն է բերվում, եթե ական է պայթում նրա տան մոտ, Ալեն Սիմոնյանն ասաց՝ արցախցիները կարող է և չհամաձայնեն, որ այդ խաղաղությունն իրենց համար փխրուն է։
«Բայց կարող է իրավիճակ լիներ, որ այդ երեխաներն ընդհանրապես հիմա Արցախում չլինեին։ Իսկ այդ պարագայում ո՞վ չէր համաձայնի։ Ոչ մեկ չի ասում, որ ամեն ինչ իդեալական է, բայց իշխանության աշխատանքը ձեր ասածը բացառելն է։ Մինչ այս փուլը բավականին առաջ ենք գնացել»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխա աղքատության մեջ է ապրում, Կառավարությունն ի՞նչ է անում այդ աղքատությունը մեղմելու համար, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ Հայաստանում աղքատության աստիճանն իջնում է։
«Երեկ կնոջս հետ իջնում էինք Մաշտոցի պողոտայով, և ամեն երկրորդ-երրորդ խանութի վրա գրված էր՝ աշխատող է պահանջվում»,- նշեց նա։