Ադրբեջանին ձեռնտու չի լինի, եթե Արցախի հետ չբանակցի, մեր վերքն իր պտուղը կտա․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանին ձեռնտու չի լինի, եթե Արցախի հետ չբանակցի, մեր վերքն իր պտուղը կտա․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին այսօր հորդորեց խոսել ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, այլ ֆիքսվել ՀՀ 29,800 քկմ վրա։ 

Նա նկատեց՝ իրենց համար սկզբունքային է նաև Արցախի բնակչության անվտանգությունը, և դրա համար պետք է երաշխիքներ ունենանք։

«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի իննի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափով խախտված են, և պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք, ոչ բավարար կերպով է արձագանքում»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ, այնուհանդերձ, Ադրբեջանը չի պատրաստվում բանակցել Ստեփանակերտի հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ պետք է հասնենք նրան, որ իրենք նստեն ու խոսեն, հակառակ դեպքում Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի ստեղծվի, կլինի բաց, որը տասնամյակների ընթացքում չի փակվի։

«Եթե Ադրբեջանը արցախցու հետ չբանակցի, մեր վերքը մի օր իր պտուղները տալու է։ Մենք հիմա իրավունք չունենք «եթե»-ի մասին խոսել, քանի որ բանակցություններն այս պահին ընթանում են»,- նկատեց նա։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ միջազգային ճնշումը մեծ դեր ունի, և այդ առումով ՀՀ-ն հաջողում է։

Անդրադառնալով Ալիևի հոխորտանքներին, որոնցով նա արցախցիներին կոչ է անում ադրբեջանական օրենքներին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա մշտական մարտավարություն  է, որ նա իրականացնում է ցանկացած բանակցությունից առաջ։

«Սա բանակցություններին ընդառաջ հայտարարություն է, որին պետք է լուրջ վերաբերել»,- նշեց նա։