Սուրճի որ տեսակն է առողջությանն առավել օգտակարը

Սուրճի որ տեսակն է առողջությանն առավել օգտակարը

«Էսպրեսոյի» հիմքի վրա եփվող սրճային ըմպելիքները՝ լատե, կապուչինո, պաշտպանում են մարդուն Ալցհեյմերի հիվանդությունից, իսկ ֆիլտրացված սուրճն հատկապես առողջարար է սրտի եւ անոթների համար։ Այս մասին գրում է Daily Mail հանդեսը։ Գիտնականները ընդհանուր առմամբ սուրճը համարում են մարդու օրգանիզմի համար բարերար ազդեցություն ունեցող ըմպելիք։ Սակայն ազդեցության բնույթը եւ չափը նաեւ կախված է այն հանգամանքից, թե ինչպես է պատրաստվում սուրճը, որպես ըմպելիք։  

Գիտնականների մի խումբ, մոտ երկու տասնամյակ ուսումնասիրելով ավելի քան հինգ հարյուր հազար կամավորների սննդառական սովորությունները, եկել է այն եզրակացության, որ օրական մինչեւ չորս բաժակ ֆիլտրացված սուրճի խմելը կարող է նվազեցնել երակային պաթոլոգիաները, որոնք իրենց հերթին կարող էին բերել սրտի տագնապի։ Իսկ ահա «էսպրեսոյի» հիմքի վրա եղած սրճային ըմպելիքները, ներառյալ լատե եւ կապուչինո սուրճը, դրականորեն են ազդում մարդու գլխուղեղի վրա։ «Էսպրեսոն» կանխում է գլխուղեղում տոքսիկ սպիտակուցների կուտակումը, որոնք կապված են Ալցհեյմերի հիվանդության առաջացման հետ, իսկ կոֆեինը օգնում է նվազեցնել բորբոքումներն ու պաշտպանել նեյրոնները, նվազեցնելով դեմենցիայի առաջացման ռիսկերը։

Սակայն սուրճի ոչ բոլոր տեսակներն են միատեսակ օգտակար։ Լուծվող սուրճն օրինակ պարունակում է մեծ քանակությամբ ակրիամիդ։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ ակրիլամիդը կարող է առաջացնել մի շարք ծանր, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդություններ։ Սակայն եթե մարդը չափավոր քանակությամբ է օգտագործում լուծվող սուրճ իր սննդակարգում, ապա բացասական ազդեցությունը հասնում է նվազագույնի։ Բացի այդ, լուծվող սուրճն էլ ունի դրական հատկություններ։ Այն պարունակում է անտիօքսիդանտներ, որոնք կարեւոր են աղիքներում միկրոֆլորայի համար եւ պաշտպանում են օրգանիզմը հիվանդություններից։