ՔԿՀ–ում 3 դատապարտյալ դեռ շարունակում է հացադուլը․ ինչպե՞ս է նրանց առողջական վիճակը

ՔԿՀ–ում 3 դատապարտյալ դեռ շարունակում է հացադուլը․ ինչպե՞ս է նրանց առողջական վիճակը

Մի քանի օր է, ինչ հայաստանյան ՔԿՀ–ներում տիրող իրավիճակի շուրջ կրքերը չեն հանդարտվում: 

Երկու օր առաջ MediaHub-ը դիմել էր Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին, ճշտելու, թե արդյո՞ք կան հացադուլի մեջ գտնվող անձինք, թե՞ ոչ:

ՔԿՀ-ից MediaHub-ին հաստատել էին, որ այդ պահի դրությամբ 3 հոգի, իսկապես, գտնվում է հացադուլի մեջ։ 

MediaHub-ն այսօր կրկին դիմեց ՔԾՀ բաժին՝ հասկանալու, թե ի՞նչ վիճակ է այսօր: Պարզվեց՝ ոչինչ չի փոխվել։

«3 հոգին շարունակում են մնալ հացադուլում, հացադուլի պատճառը կապված է քրեական գործի հետ»,– նշեցին ՔԿՀ–ից։

Նոնա Նավիկյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է հացադուլի մեջ գտնվող անձանց առողջական վիճակը: Վերջինս տեղեկացրեց, որ նրանք բժիշկների հսկողության տակ են, առողջական վիճակը բավարար է, բժշկական հաստատություն չեն տեղափոխվել:

Հիշեցնենք, թե ինչով է պայմանավորված աղմուկը ՔԿՀ-ների շուրջ: Ի սկզբանե, ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել էր, նշելով, որ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ հրապարակված տեղեկատվության` ինքնասպանության 2 դեպք: Պաշտպան Անահիտ Մանասյանը մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ էր որակել և հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին:

Ապա, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր անդրադարձել ՔԿՀ-ներին, թե տարրական պայմանների բացակայությունն ու ոչ պատշաճ վերաբերմունքը դրդում են ազատազրկված անձանց դիմելու ծայրահեղ միջոցների՝ հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության։ Ըստ նրա՝ վերջին տարիներին ՔԿՀ-ներում մահվան և ինքնասպանության բազմաթիվ դեպքերը պետք է ընդունել ահազանգ և, ընդգծել էր Գառնիկ Դանիելյանը, ՄԻՊ-ն իր շրջայցերի արդյունքում անձամբ պետք է արձանագրեր այս բոլոր խնդիրները՝ պահանջելով իշխանություններից հրատապ լուծումներ։

ՄԻՊ Անահիտ Մանասյանն անպատասխան չէր թողել այս քննադատությունը. նա ոչ միայն արձագանքել է Դանիելյանին, անգամ սպառնացել. «Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլ իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ»:

Մարիաննա Արամյան