ՔԿՀ–ներում խայտառակ վիճակ է, հացադուլ անող անձինք կան, իսկ ՄԻՊ-ը սպառնում է Գառնիկ Դանիելյանին

ՔԿՀ–ներում խայտառակ վիճակ է, հացադուլ անող անձինք կան, իսկ ՄԻՊ-ը սպառնում է Գառնիկ Դանիելյանին

Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգել էր, թե ՔԿՀ–ներում խայտառակ վիճակ է։ Նա գրել է, որ տարրական պայմանների բացակայությունն ու ոչ պատշաճ վերաբերմունքը դրդում են ազատազրկված անձանց դիմելու ծայրահեղ միջոցների՝ հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության։ Վերջին տարիներին ՔԿՀ-ներում մահվան և ինքնասպանության բազմաթիվ դեպքերը պետք է ընդունել ահազանգ։ 

Ի դեպ, ՔԿՀ-ներում, մեղմ ասած, վատ վիճակի մասին երկու օր առաջ խոսել էր նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Վերջինիս հայտարարության մեջ ասվում էր, որ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ հրապարակված տեղեկատվության` ինքնասպանության 2 դեպք:

Պաշտպան Անահիտ Մանասյանը մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ էր որակել և հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին:

MediaHub-ը դիմեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին, ճշտելու, թե արդյո՞ք այս պահին կան հացադուլի մեջ գտնվող անձինք, թե՞ ոչ: ՔԿՀ-ից MediaHub-ին հաստատեցին, որ 3 հոգի, իսկապես, այս պահին գտնվում է հացադուլի մեջ։ 

Ուշագրավն այն է, որ, ըստ երևույթի, ՄԻՊ–ը, երբ հայտարարություն էր տարածում, մոռացել էր նշել, որ հացադուլում գտնվող անձինք կան, և պատկան մարմինները ոչինչ չեն անում։ Ըստ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ ՄԻՊ-ն իր շրջայցերի արդյունքում անձամբ պետք է արձանագրեր այս բոլոր խնդիրները՝ պահանջելով իշխանություններից հրատապ լուծումներ։

«Ցավոք, ո՛չ սույն անձնավորությունը, ո՛չ էլ Արդարադատության նախկին և ներկա նախարարները որևէ քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու, ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը վերանայելու ուղղությամբ»,– գրել է ընդդիմադիր պատգամավորը։

ՄԻՊ Անահիտ Մանասյանն անպատասխան չի թողել այս քննադատությունը: Երեկ նա արձագանքել է Դանիելյանին, անգամ սպառնաց. «Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլ իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ»:

Անահիտ Մանասյանը նշել ր նաև, որ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ Պաշտպանի կողմից պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, որոնց հրավիրվում են ինչպես իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ Ազգային Ժողովի պատգամավորներ: «Ազատությունից զրկման վայրերում տեղի ունեցած բազմաթիվ դեպքերի հետ կապված հենց Մարդու իրավունքների պաշտպանն է հաղորդում ներկայացրել, ինչի արդյունքում այժմ առկա են նաև քրեական վարույթներ: Բացի այդ, ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ ամենօրյա ռեժիմով լուծում են ստանում հենց Պաշտպանի միջամտության արդյունքում»:

Եվ այսպես շարունակ: Սակայն զարմանալին, կրկնենք, այն է, որ Գառնիկ Դանիելյանի սուր քննադատությունից ու բանավեճի պատճառ դարձած հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ ՄԻՊ հայտարարության մեջ, որն անդրադառնում է մահերի դեպքերին ու մշտադիտարկումներին ու ստացված ահազանգերին, չգիտես ինչու, խոսք չկա այս պահին էլ հացադուլի մեջ գտնվող անձանց և նրանց իրավունքների պաշտպանության մասին:

Նշենք նաև, որ հանրությունը բուռն արձագանքեց ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում Ծովինար Թադևոսյանի նշանակմանը։ Մամուլում գրվեց, թե ողջ Ծառայությունը զարմացել է Նիկոլ Փաշինյանի որոշումից և որ կին բանտապետի նշանակումից խանդավառված է հատկապես կրիմինալ աշխարհը, որը կկարողանա շունչ քաշել, իսկ քրեակատարողական ծառայությունը պետք է կարողանա դիմակայել հանցավոր աշխարհին։

Մարիաննա Արամյան