G7-ի 4 երկիր հայտարարել է ռուսական ոսկու մատակարարումներն արգելելու մտադրության մասին․ անցկացվում է Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը

G7-ի 4 երկիր հայտարարել է ռուսական ոսկու մատակարարումներն արգելելու մտադրության մասին․ անցկացվում է Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը

Գերմանիայում այսօր անցկացվում է Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Այն հիմնականում նվիրված է Ուկրաինային և պատերազմի ազդեցությանն աշխարհի վրա։ Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, այնտեղ հավաքված երկրներից չորսը՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Կանադան, հայտարարել են ռուսական ոսկու մատակարարումներն արգելելու մտադրության մասին․ Ռուսաստանն անցյալ տարի արտահանել է ավելի քան 15 միլիարդ դոլարի ոսկի։

Բացի այդ, գագաթնաժողովի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաշխարհային ղեկավարներին կոչ կանի անհապաղ միջոցեր ձեռնարկել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար։

Համաշխարհային լիդերների հանդիպումը հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Մեծ Յոթոնյակի ղեկավարները մտահոգված են տնտեսական մոտալուտ ճգնաժամով։

Ըստ Bloomberg գործակալության, որի տրամադրության տակ հայտնվել է Մեծ Յոթնյակի երկրների հայտարարության տեքստի նախագիծը՝ համաշխարհային լիդերները կհայտարարեն Ուկրաինային «ռուսական ագրեսիայից անժամկետ պաշտպանություն ապահովելու մասին»։ Ըստ գործակալության՝ այս ձևակերպումը կարևոր է, քանի որ Մեծ Յոթնյակի անդամները մտահոգված են պատերազմի երկարաձգումով։ Ընդ որում, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները ակնարկել են, որ շարունակում են դիտարկել բանակցությունների միջոցով հրադադարի տարբերակները։