Կվերադառնա՞ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքական՝ Թուրքիայի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ

Կվերադառնա՞ Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքական՝  Թուրքիայի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ

Արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական և մասնակցել Թուրքիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 25-ին։  «Պրոֆֆուտբոլ»-ին տված հարցազրույցում հարցին պատասխանել է հենց Մխիթարյանը։ 

Հայաստանի ազգային հավաքականի կազմում կլինի՞ 96-րդ խաղը հարցին ի պատասխան Հենրիխ Մխիթարյանն ասել է. «Կարծում եմ, ցավոք սրտի, չի լինի։ Չեմ զղջում իմ որոշման համար։  Միշտ որոշումներս ընդունել եմ  սառը գլխով և հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը կայացնելը շատ դժվար է եղել։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն էր, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։

Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ արդեն  երևի ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, չնայած, կարծում եմ, բոլորին հիմա է հետաքրքիր։ Ավելի լավ կլինի խոսենք հետո, ամեն ինչ կբացատրեմ ու կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ երկրի հավաքականին հաջողություն մաղթելն է, որ առաջիկա խաղերում, հատկապես Թուրքիայի դեմ և մնացած խաղերում, հաղողության հասնեն։  

Եկել է ժամանակը, որ նոր, երիտասարդ սերունդը պատասխանատվություն վերցնի իր վրա և կարողանա ազգային հավաքականն իրենց ետևից տանել։ Տեսանք՝ վերջին խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց նոր  մարզչի գալով, հուսամ, ամեն ինչ կշտկվի ու մեր տղաները պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»։