Ադրբեջանն էլ պետք է գործուն քայլեր անի, ինչո՞ւ է միլիարդների զենք ձեռք բերում․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ադրբեջանն էլ պետք է գործուն քայլեր անի, ինչո՞ւ է միլիարդների զենք ձեռք բերում․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Չգիտեմ, բայց դա մի ուղղություն է, որի հետ կապված դրական տրամադրվածություն ունեմ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի եվրաինտեգրումը հավանական է։

Նրա խոսքով՝ այն հիմնարար սկզբունքները, որ ունի Եվրոպան, անվտանգության երաշխիքներ են։

«Օրինակ, մեր գործընկերը ԼՂ-ի նկատմամբ 15 կողմից հարձակման ժամանակ կոչ էր անում Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել կրակը։ Դրանով Հայաստանը փաստացի դառնում էր կողմ։ Իսկ այլ տեղերից հասցեական հայտարարություն ու զսպում կար»,- ասաց նա։

Բացի այդ, Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ՀՀ-ի՝ սպառազինություն ձեռք բերելուն։ 

«Ադրբեջանը բացի ատոմային ռումբից, գրեթե ամեն ինչ ունի, բայց երբ մենք մի բան գնում ենք, իրենք փորձում են ներկայացնել, թե Հայաստանը զինվում է, հարձակողական պլաններ ունի։ Ես ուզում եմ ասել՝ Հայաստանը որևէ երկրի վրա հարձակվելու միտում չունի։ Իսկ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչու է Ադրբեջանը միլիարդների զենք գնում։ Իսրայելում ամենաթեժ պահին իրենք հասցնում են զենք տանել իրենց երկրին, բայց մեր գնածի մասով սկսում են հայտարարություններ անել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նկատեց, որ եթե Ադրբեջանը ռեալ ուզում է խաղաղության հասնել, ապա ևս պետք է գործնական քայլեր անի։