Ես էլ չեմ մասնակցելու ՀԱՊԿ նիստին, գնամ, ի՞նչ անեմ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Դեկտեմբերին միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր երկրի վերաբերմունքին։
Նա նկատեց, որ որոշում չկա կառույցից դուրս գալու, բայց այս պահին, այս իրավիճակում իր մասնակցությունը ՀԱՊԿ որևէ ձևաչափի տեղին չէ։
«Այն իրավիճակն է, որ ՀԱՊԿ-ը փաստացի իր պարտավորությունները չի կատարում ու չի կատարել։ Գնամ, ի՞նչ անեմ, կասե՞ք ինձ»,- նշեց նա։
Հարցին, որ եթե մեքենան իրեն «Ա» կետից «Բ» կետ չտանի, ապա ինքը կնստի՞ այդ մեքենան, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ «կաշխատի այդ մեքենան ինչ-որ ձևով աշխատեցնել, քանի որ այդ պահին իր ձեռքի տակ այլ մեքենա չկա»։
Դիտարկմանը, որ Ղազախստանի դեպքերի ժամանակ «փորձեցին աշխատեցնել այդ մեքենան», բայց փորձը ցույց տվեց՝ չաշխատեց, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ դե կաշխատի, կաշխատի, չէ՝ չէ։
«Իմ չգնալու մասին ես ՀԱՊԿ գործընկերներին զգուշացրել եմ, բայց դեռ որևէ արձագանք չկա։ Կարծում եմ՝ չի էլ լինի, քանի որ իրենց համար էլ է հասկանալի մեր քայլը։ Իրենք չեն շտապում իրենց պարտավորությունները կատարել, ի՞նչ պիտի գնանք, քննարկենք։ ՀՀ ինքնիշխան տարածք էին ներխուժել, իսկ ՀԱՊԿ-ը գնահատական չի տվել, գնանք ի՞նչ անենք։ Հերթը ՀԱՊԿ-ինն է, ՀԱՊԿ երկրները պետք է գնահատական տան, ոչ թե ապրեն մի երևակայական փուչիկի մեջ, որ կա այլ իրականություն։ Իրենք այլ իրականությունում են ապրում ու դա խնդիր է։ Եթե ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները չի կատարում, ի՞նչ պիտի ասենք, բացի այն, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից»,- նշեց Սիմոնյանը։